ՀՀ վարչապետ. «Նոր մակարդակի կհասցվեն Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը՝ վարչապետը դիմել է ներկաներին. «Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ծրագրի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ մի քանի օր առաջ հերթական փաստաթուղթն է ստորագրվել, ինչը նշանակում է, որ գործընթացն սկսվել է, այսինքն՝ շինարարությունը մենք հաջորդ շաբաթ սկսելու ենք: Համոզված եմ, որ Իրանի հետ համագործակցությունը, հատկապես էներգետիկ ոլորտում, կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին:
Ողջունելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունն ու կարևորելով կողմերի՝ Իրանի և միջազգային միջնորդների կառուցողական ջանքերը գործընթացում փոխընդունելի լուծումների հասնելու գործում՝ պետք է արձանագրել, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու հարցում կարևոր քայլ է կատարվել: Իրանը Հայաստանի համար կարևոր և հուսալի երկիր է, իսկ մեր ժողովուրդների հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Ես լիահույս եմ, որ Հայաստանի ու Իրանի համար տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու ճանապարհին նոր հեռանկարներ են ուրվագծվել, և մենք ջանք չենք խնայելու իրացնելու բոլոր հնարավորությունները»:
Վարչապետի հանձնարարությամբ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Պարոն վարչապետ, ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության սահմանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում իրավիճակը վերահսկելի է: Բայց, ինչպես նախօրոք մենք տեղեկացրել էինք, հարևան երկրում Եվրոպական խաղերի անցկացման ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերն ապահովեցին հրադադարի կատարումը, դեռ ավելին, զսպվածություն ցուցաբերելով և ոչ մի խախտում չիրականացնելով: Եվրոպական խաղերից հետո լարվածության աստիճանը մեկ բարձրանում, մեկ իջնում է: Ինչպես կանխատեսել էինք, մեր հարևանները փորձելու են լարվածությամբ ինչ-որ քաղաքական կամ տնտեսական դիվիդենտներ գտնել իրենց համար: Լարվածությունն այս երկու ամսվա ընթացքում բարձրացել է ոչ միայն նրանով, որ հրաձգային զենքով են կրակել, այլ նաև կրակել են խոշոր հրաձգային զենքերով: Նաև ականանետով կրակային խոցման աստիճանը բարձրացել է՝ 60, 82 և մինչև 120 մմ ականանետերով կրակոցներ են եղել: Դեռ ավելին, վերջին օրերի ընթացքում մի քանի դիվերսիոն հետախուզական գործողությունների փորձ է եղել, որոնք հայկական զինուժը կանխել է: Հակառակորդին ուղղված մեր հորդորներին, որ պետք է երկխոսության և շփման գծում վստահության մեխանիզմների ձևավորմամբ փորձենք մեր հարաբերությունները ձևավորել, հակառակորդը պատասխանում է իրավիճակի լարվածությամբ: Ուզում եմ Ձեզ զեկուցել և տեղեկացնել մեր ժողովրդին, որ հայկական ԶՈՒ-ի ստորաբաժանումները, ովքեր առաջին գծում մարտական հերթապահությամբ սահմանների պաշտպանությամբ են զբաղված, հաստատակամ են, իրենց խնդիրները գիտեն, պարտականությունները գերազանց կատարում են: Ցավոք սրտի, մենք նաև վերջին օրերին ունեցանք մեկ կորուստ, որի համար, կարծում եմ, մեր բոլորի սփոփանքի խոսքը պետք է ուղղենք մեր զոհված զինծառայողի հարազատներին: Բայց, այնուամենայնիվ, մենք մեր առջև դրված խնդիրները կատարել և կատարում ենք և պատրաստ ենք ոչ միայն պաշտպանության, այլև կանխարգելիչ միջոցառումներ և նաև զսպման համապատասխան մեխանիզմներ ձևավորել»:

Ընտրվել է ՀԾԿ հանձնաժողովին խորհրդատվություն մատուցող ՓԲԸ-ն

ՀՀ կառավարությունը սահմանել է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ի միջոցով: ՀՀ կառավարության աշխատակազմին հանձնարարվել է նշված կազմակերպության հետ կնքել պետության կարիքների համար անհրաժեշտ ծառայությունների ձեռքբերման պայմանագիր՝ մինչև տվյալ գնումը կատարելու ֆինանսական միջոցների հատկացումը: Այս առնչությամբ կառավարության ղեկավարն ասել է. «Այս խորհրդատվության արդյունքներով հանրությունը կստանա իրեն հուզող շատ հարցերի պատասխաններ, նաև մենք՝ կառավարությունը: «Դելոյթ ընդ Տուշ» ընկերությունը միջազգային համբավ ունեցող խոշոր ընկերություն է, և կարծում եմ, որ նրանց եզրակացությունից հետո մենք առաջ գնալու հիմքեր կունենանք:
Ուզում եմ նաև հիշեցնել, որ ռուսական կողմի հետ համատեղ մենք աշխատում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում իրականացվելիք աուդիտի աշխատանքների վրա:
Միաժամանակ ուզում եմ անդրադառնալ գործող սակագների հարցին: Շատերը թյուր տպավորություն են ստացել, որ մինչև խորհրդատվության ավարտը կառավարությունը սակագների տարբերության մասով (6.93 դրամ) կաջակցի ոչ միայն բնակչությանը, այլև խոշոր բիզնեսին: Դա այդպես չէ: Կարծում եմ, որ կառավարությունը չէ, որ պետք է ֆինանսավորի նաև խոշոր բիզնեսը: Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք մեզ վրա վերցնելու ենք սակագնի տարբերությունն ազգաբնակչության համար: Երբ հանրապետության նախագահն արձակուրդից վերադառնա, ես իր հետ նաև քննարկելու եմ ՓՄՁ-ներին աջակցելու խնդիրը, ովքեր ծախսում են ամսական միջին հաշվով 250 կՎտ հոսանք»:

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգայինի շրջակայքում կստեղծվի ընտանեկան ուղղվածության կենտրոն

ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին ամրացված և ՀՀ սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնել և օտարել: Սահմանվել է, որ ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա անշարժ գույքի վաճառքի գինը 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է: Գնորդը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊՆ-ն է, որը պարտավոր է առնվազն վեց ամիս ժամկետով և առնվազն 55 հազար ՀՀ դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագիր կնքել մարզահամերգային համալիրում փաստացի աշխատող 99 աշխատողի հետ, պահպանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը, պահպանել մարզամշակութային համալիրի օգտագործման ուղղվածությունը, 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել ՀՀ կառավարության հայտով համապատասխան նշանակություն ունեցող մինչև 5 միջոցառման, բայց ոչ ավելի, քան տարեկան 12 օր տևողությամբ, անվճար կազմակերպումը, համալիրի տարածքում քաղաքացիների համար ապահովել Ծիծեռնակաբերդ այցելելու անարգել ու անվճար սերվիտուտի իրավունք՝ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու դեպքում: Նաև հավանություն է տրվել «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ ներդրումային ծրագրին: Այս ընկերությունը նպատակ ունի մարզահամերգային համալիրի ձեռքբերման և հարակից տարածքի կառուցապատման միջոցով իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, որի ընդհանուր նկարագիրը հետևյալն է. նորոգել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որն առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Այն ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առավելագույնը 4 տարվա ընթացքում, ընդհանուր ծախսը՝ ներդրումների չափը, գերազանցելու է 100 մլն ԱՄՆ դոլարը: Կստեղծվի առնվազն 250 աշխատատեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։