Կոռուպցիայի դեմ պայքարի մարմինը պետք է բաղկացած լինի 3 խմբից և ղեկավարվի ընդդիմության կողմից. Արմեն Ռուստամյան

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը,  Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ումի՞ց պետք է կառավարությունն սկսի կոռուպցիայի դեմ պայքարը, ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է վերևից սկսել:

 

«Որտե՞ղ է կոռուպցիան, այդտեղից էլ պետք է սկսել: Կոռուպցիայի տեղերը հայտնի են:  Իհարկե, եթե լինի նորմալ, արդյունավետ կառավարում, հակամենաշնորհային պայքար, իշխանական համակարգում ամրագրվեն հակակշռման, հակազսպման մեխանիզմներ, կոռուպցիան ինքնին կնվազի:Կոռուպցիան առաջանում է այդ, այսպես ասած, դատարկ տեղում. եթե չկա լավ ղեկավարում, ուրեմն վատ ղեկավարման հետևանքներից օգտվում են նրանք, ովքեր ուզում են շահեր ունենալ: Իսկ կոռուպցիան պաշտոնական դիրք ունեցողների պաշտոնական դիրքի չարաշահումն է՝ ի շահ իրենց: Ում ձեռքը կնիք ու ստորագրելու իրավասություն կա, սկսում են այդ իրավասությունը վաճառել»,- մանրամասնեց Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, թե քանի որ իշխանություններն իրենցից չեն սկսի պայքարել կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ, «այդպես չի լինում», պետք է ստեղծել պայքարի մարմին, որը կղեկավարի ընդդիմությունը:
«Որպեսզի հասարակության մոտ վստահություն առաջանա, որ հակակոռուպցիոն պայքարն իրական է, պետք է անկախ, ինքնուրույն մարմին ձևավորել, որը կպայքարի մենաշնորհի, կոռուպցիայի դեմ: Մենք հստակ ասել ենք, որ հակակոռուպցիոն պայքարի մարմինը պետք է բաղկացած լինի հավասար երեք մասերից՝ իշխանության ներկայացուցիչներ, ընդդիմություն, քաղաքացիական հասարակություն: Բայց ղեկավարումը պետք է տրվի ընդդիմությանը: Եթե վարչապետը ղեկավարի, դա չի կարող վստահություն առաջացնել…»,- շեշտեց պատգամավորը:
Դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել է, որ Հայաստանում մենաշնորհ չկա, Ռուստամյանը նշեց, որ որևէ մեկի համար օրենքով սահմանված մենաշնորհ չկա, բայց փաստացի մենաշնորհներ կան:
«Մենաշնորհի ճշտումը բարդ պրոցես չէ: Բավական է փոքր միջին ձեռներեց ուզենա այն ոլորտում, որտեղ անգամ մենաշնորհ չկա, բիզնես դնի, դա չի հաջողվի: Դե թող մեկը փորձի անել: Կտեսնեք, որ առանց մեկի տանիք լինելու հանգամանքի դա չի հաջողվի: Եթե մենաշնորհ կա, ուրեմն պետք է օրենքով ամրագրվի, բայց դրա մասին չէ խոսքը, որևէ մեկին արտոնված մենաշնորհ չկա, խոսքը մենաշնորհի մասին է, որն անօրինական է: Հիմա նույնը գողությունն է, որևէ տեղ օրենքով ամրագրված չէ, որ պետք է գողություն անես, բայց մարդիկ գողություն են անում»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը:
Պատգամավորի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, թե ով ինչ ուզում է, կարող է ներկրել, չի իրականանա, «ես դրան այդքան չեմ հավատում, պայմաններ պետք է ստեղծվեն»: