Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Շիրակն ամենաաղքատ մարզն է, իսկ խնդիրը կարգավորելու միակ տարբերակն աշխատատեղերի ստեղծումն է. մարզպետ

2016 թվականին պետբյուջեով նախատեսված բոլոր ծրագրերը Շիրակի մարզում իրականացվել են, կան նաև ծրագրեր, որոնց արդյունքը տեսանելի կլինի 2017-ին, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը։

«Այն հիմնական ծրագրերը, որոնք պետական բյուջեով  նախատեսված էին 2016-ին մարզում իրականացնելու համար, մենք ամբողջովին իրականացրել ենք: Բոլոր հնարավորություններն օգտագործվել են»,– ասաց մարզպետը:

Ամփոփելով 2016 թվականը՝ Շիրակի մարզպետն ասաց, որ մարզի համար վատ տարի չի եղել, չնայած դժվարություններ եղել են.«Ապրիլյան պատերազմը թույլ չտվեց, որպեսզի մի շարք խնդիրներ կարգավորվեին, գյուղատնտեսության համար էլ կարկտահարության դեպքեր գրանցվեցին, իսկ օգնությունը եկավ Արցախից»:

Հովսեփ Սիմոնյանը հայտնեց, որ Շիրակի մարզի առավել շատ կարկտահարված 7 համայնքների բնակիչներին ԼՂՀ կառավարությունն անհատույց էլիտար սերմնացու է տվել:
Անդրադառնալով  շինարարության ոլորտին Հովսեփ Սիմոնյանն ասաց, որ որոշակի տեղաշարժ կա այդ ոլորտում, սակայն այս տարի այն առավել տեսանելի կլինի:

Շիրակի մարզպետի խոսքով՝ սպորտում, ինչպես միշտ, մարզն անգերազանցելի է.«Մշակույթի ու սպորտի մասին ամեն ինչ ակնհայտ էր, առաջատար ենք եղել, կրթությամբ՝ ևս,  առողջապահությունում նույնպես նորմալ ընթացք է գրանցվել: Լուրջ թերացումներ ևս չունենք այս տարվա ընթացքում»:

Հարցին, թե 2016-ին Գյումրիի  ճանապարհների  վերանորոգման համար վարկ է վերցվել, արդյոք ժամանակավոր աշխատատեղեր բացվելու են և երբ կսկսվեն աշխատանքները , Հովսեփ Սիմոնյանն ասաց, որ հոկտեմբերին է ստորագրվել վարկային համաձայնագիրը, իսկ աշխատանքները կսկսվեն այս տարվա սկզբին:

Հարցին, թե առաջնահերթ ինչի անհրաժեշտություն ունի Շիրակի մարզը, Հովսեփ Սիմոնյանն ասաց, որ 2017-ին ևս ուշադրությունը պետք է կենտրոնացնել աշխատատեղի ստեղծման վրա։

«Շիրակն ամենաաղքատ մարզն է, և խնդիրը կարգավորելու, սոցիալական վիճակը փոխելու միակ տարբերակն աշխատատեղի ստեղծումն է: Ծրագրերն ուղղորդելու ենք հիմնականում այդ ուղղությամբ: Ցանկանում եմ, որ մեկ աշխատատեղ մեկ ժամ առաջ ունենանք»,– ասաց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: