Մոսկվայում ձերբակալվել է հայաստանցի չորս տաքսիստ, որոնց կասկածում են ուղևորներին կողոպտելու մեջ

 

Մոսկվայի դատարանը երկամսյա կալանքի տակ է վերցրել հայաստանցի չորս տաքսիստների, որոնք կասկածվում են իրենց օտարերկրյա ուղևորներին կողոպտելու մեջ: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունում:

Ձերբակալվածները` «ներկայանալով որպես մասնավոր տաքսիստներ, հերթապահում էին մայրաքաղաքի կենտրոնում գտնվող գիշերային ակումբների մոտ», ճշտել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի քաղաքային վարչությունում: Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալները «պոտենցիալ զոհին առաջարկում էին խմել գարեջուր կամ ջուր՝ նախապես խմիչքին խառնելով ուժեղ ներգործող սեդատիվ պատրաստուկներ», այնուհետև վերցնում էին փողերը, բանկային քարտերը և արժեքավոր իրերը, ինչից հետո նրանց իջեցնում էին մեքենայից:

Ինչպես նշվում է, չորս կասկածյալները 38-ից 42 տարեկան հայաստանցիներ են: Ներկայումս նրանց մեղսագրվում է երկու կողոպուտ: Հարուցվել են քրեական գործեր՝ կողոպուտի նշաններով՝ ՌԴ-ի քրեական օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ մասով: Տվյալ հոդվածով առավելագույն պատիժը նախատեսում է 10 տարվա ազատազրկում: