Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

ՀՀԿ-ն իր շռայլ ներկայությունն է ապահովել հայաստանյան գրեթե բոլոր բուհերի «վերին ատյաններում

771

Հայաստանյան կրթական հաստատությունների, մասնավորապես՝ բուհերի քաղաքականացման, դրանց կառավարման մարմիններում իշխող կուսակցության ներկայացուցիչների գերակայությունն այլեւս անհանգստացնող է: Բուհերն ակամա վերածվում են ՀՀԿ-ի շտաբի, որը համակարգում է ոչ միայն կրթական պրոցեսի կազմակերպումը, այլ նաեւ ագիտպրոպի դեր է կատարում հատկապես համապետական ընտրությունների ժամանակ, ընդհուպ ներգրավվում ՀՀԿ-ի օգտին ձայներ «հավաքելու» անշնորհակալ գործում: Եվ թե ձուկը գլխից է հոտում, ապա բուհերը՝ շարունակական ՀՀԿ-ացումից: Կրթության սուրբ գործը սրբություն չճանաչող քաղաքականությունից զերծ պահելու, ապահովագրելու խիստ կարիքն էր, թերեւս, պատճառը, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի անհրաժեշտությունը ծագեց: Այն մշակվել է անցյալ տարեվերջին՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից, եւ առաջիկայում նախատեսվում է դրա քննարկումը կառավարության նիստում: Նախագծով մի շարք փոփոխություններ են առաջարկվում, որոնք վերաբերում են, մասնավորապես, բուհերի ապաքաղաքականացմանը, դրանց կառավարման խորհուրդների կազմում գործատուների ներգրավմանը, համալսարանների ֆինանսավորման եղանակների վերանայմանը եւ այլն: Եվ մինչ օրենսդրական քայլեր կձեռնարկվեն, բուհերի քաղաքականացումը շարունակվում է։ Հունիսի 6-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, փոխվարչապետ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վաչե Գաբրիելյանը: Նա միակ թեկնածուն էր, որին առաջադրել էր բուհերի ապաքաղաքականացման ջատագով ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Տրամաբանական է, որ դաշնակցական նախարարը պիտի շահագրգռված լիներ «էս մի զարկն էլ» ՀՅԴ-ին բաշխելու հարցում՝ խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրելով որեւէ ՀՅԴ-ականի կամ անկուսակցականի, սակայն՝ ոչ: Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ Վ. Գաբրիելյանը «նոր հնարավորություններ կբացի թե՛ համալսարանի զարգացման, թե՛ կրթական ոլորտի բարեփոխումներում համալսարանի մասնակցության համար»: Նկատենք, որ Վ. Գաբրիելյանը ՀՊՏՀ կառավարող խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինելու եկավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով անցյալ տարի այս օրերին հրաժարական տվեց՝ պատճառաբանելով, թե գերզբաղված է: Գաբրիելյանը, թերեւս, պակաս զբաղված է պետական կառավարման գործերով, ուստի, քանի դեռ կառավարությունը չի սկսել վերոնշյալ օրենքի նախագծի շուրջ քննարկումը, նախագիծ, որով արգելվում է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին ընդգրկվել բուհերի խորհրդի կազմում, Գաբրիելյանն արագ կարգվեց շուրջ մեկ տարի թափուր մնացած պաշտոնում: Ուշագրավ է, որ նախագծի մշակմանը մասնակցել է նաեւ ՀՊՏՀ-ն: Թեմային առնչվող ուշագրավ մի հանգամանք էլ կա՝ դեռ անցյալ տարի հոկտեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության եւ գիտության նախարարին ու մարզպետներին հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել կրթության բարեփոխումների շուրջ՝ հայտարարելով. «Կրթական բնագավառի ընտրության ժամանակ ազգակցական, հովանավորչության եւ շահերի բախման հնարավորությունները բացառել, օրինակ, երբ մայր ու աղջիկ նույն դպրոցում են աշխատում»: Բուհերը, անշուշտ, այլ՝ բարձր կարգավիճակ ունեն դպրոցների համեմատ, սակայն ազգակցական եւ շահերի բախման հավանականությունից նույնպես ապահովագրված չեն: Եվ եթե «օբյեկտիվ չէ», երբ մայր ու աղջիկ նույն դպրոցում են աշխատում, ապա, թերեւս, նույն տրամաբանությամբ օբյեկտիվ չէ, երբ հայր ու որդի կամ աներ ու փեսա, քեռի ու զարմիկ, կամ երկու խնամի նույն բուհում են աշխատում: Վաչե Գաբրիելյանի եւ ՀՊՏՀ-ի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանի դեպքում քեռի-զարմիկ ազգակցական կապն է գործում. Քալանթարյանը Գաբրիելյանի մոր՝ գրականագետ Ժենյա Քալանթարյանի եղբայրն է: Մյուս կողմից էլ՝ հիշյալ բուհի ռեկտոր ՀՀԿ-ական Կորյուն Աթոյանն ու Պ. Քալանթարյանն են բարեկամական-ազգակցական կապի մեջ՝ Աթոյանը նրանց ընտանիքի փեսան է: Մի խոսքով, ՀՊՏՀ կառավարող խորհուրդն այսօր կարելի է համարել մեկ ընտանիքի սեփականություն, քանի որ բուհի, թերեւս բոլոր կարեւորագույն պաշտոններն անցել են «կառավարական ուժերին»: Իմա՝ «տոգորվել են ՀՀԿ-ով»: Վերը նշված ազգակցական կապի մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ հիշյալ բուհից, որտեղից հայտնեցին, որ Գաբրիելյանի եւ Քալանթարյանի ազգակցական կապի մասին տեղյակ չեն, իսկ Աթոյանն ու Քալանթարյանը որեւէ ազգակցական կապ չունեն: «Պարույր Քալանթարյանը երկար տարիներ է՝ աշխատում է ՀՊՏՀ-ում, մինչեւ Աթոյանի՝ բուհի ռեկտոր նշանակվելը»,- ասացին ՀՊՏՀ-ից: Նկատենք, որ սկզբում տարբեր հիմնարկներում աշխատելը, հետո նույն հիմնարկում հայտնվելն ու վերադաս-ենթակա հարաբերությամբ աշխատելը չի բացառում որեւէ երկու անձի ազգակցական կապը: Կ. Աթոյանը, ի դեպ, 2011-ի ապրիլի 26-ին է նշանակվել ռեկտոր, իսկ արդեն կարճ ժամանակ անց՝ 2011-ի հունիսին, Քալանթարյանն ստանձնել է պրոռեկտորի պաշտոնը: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է այս երեւույթին վերաբերվում վարչապետը: Հարկ է նշել, որ ՀՀԿ-ն իր շռայլ ներկայությունն է ապահովել հայաստանյան գրեթե բոլոր բուհերի «վերին ատյաններում»: Մասնավորապես՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, անդամներն են Պնախարար Վիգեն Սարգսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արմեն Աշոտյանը: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի խորհրդի նախագահն ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանն է, իսկ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ խորհրդի նախագահն էլ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն է: Երեւանի Մ. Հերացու անվան ՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀԿ-ական, վարչապետի խորհրդական, գործարար Սամվել Սարգսյանն է: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը նույնպես ՀՀԿ-ացված է՝ ընդամենը վերջերս խորհրդի նախագահ ընտրվեց մշակույթի ՀՀԿ-ական նախարար Արմեն Ամիրյանը: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի խորհրդի նախագահը ՀՀԿ-ական Արսեն Քարամյանն է, անդամներից մեկն էլ՝ ոչ անհայտ, էպոտաժային ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանը։