Հայոց բանակի գաղափարը դարավոր երազանք էր, որ ունեցել են մեր պապերը.Սեյրան Ծատուրյան

Հայոց բանակի գաղափարը դարավոր երազանք էր, որ ունեցել են մեր պապերը։ Մեր սերունդն այն երջանիկների սերունդն է, որ կյանքի կոչեց այս երազանքը։ Հայոց բանակը ստեղծվեց մեր ժողովրդի համար բավականին դժվար ժամանակաշրջանում։ Երկրաշարժից շատ չէր անցել, հայ ադրբեջանական կոնֆլիկտ, Խորհրդային Միության փլուզում։ Ու երևի թե նման ժամանակաշրջանում տարած հաղթանակներն են խոսում ժողովրդի խոհեմության, տոկունության ու խիզախության մասին։ Այժմ, երբ մեր երազանքն իրականություն է դարձել, մենք մեր բանակն էլ ավելի մարտունակ, հզոր ու կարգապահ դարձնելու նպատակ ու խնդիր ունենք մեր առջև։ Չնայած երիտասարդ տարիքին` մեր բանակը հիմա էլ պատրաստ է պաշտպանելու մեր ժողովրդին, մեր պետության սահմանների անվտանգությունը։ Լավ բանակ ունենալը և բանակ պահելը կարևորագույն  հարցերից մեկն է պետության համար, որը նաև դժվարին ու անդադրում աշխատանք է պահանջում։ Ընդհանապես բանակաշինությունը, բարձր մարտունակությունը, կարգապահության ամրապնդումը, սպայական ու ենթասպայական, նաև պայմանագրային անձնակազմի վերապատրաստումը, բանակ-հասարակություն հարաբերությունները կարևոր օղակներ են ամուր ու վստահելի մի շղթայի։ Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում առավել պրոֆեսիոնալ ու հոգատար աշխատանքը մեր բանակը, զինվորին ու սպային կդարձնի անկոտրում:

Սեյրան Ծատուրյան