Ադրբեջանը չի գնում զիջման, եթե հստակ կարգավիճակ չի տրվում, մենք ինչի՞ պիտի գնանք. Վաղարշակ Հարությունյան

Ադրբեջանը կշարունակի լոկալ մակարդակով մարտական գործողություններ իրականացնել սահմանին, բայց լայնամասշտաբ պատերազմ սկսելու և իր հռչակած նպատակին հասնելու պոտենցիալ չունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝անդրադառնալով հունիսի 16-ից սկսած հակառակորդի կողմից նախահարձակ գործողություններին և երեկվա դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձին:

«Եթե իրենք ունեն առավելություն տարբեր զինատեսակների տեսանկյունից, մենք ունենք առավելություն ռազմավարական զենքի տեսանկյունից, մենք ունենք հրթիռային համակարգ, էլ չեմ ասում մեր բանակի մարտունակության մասին։ Մենք պաշտպանվող կողմ ենք, սա էլ է առավելություն: Ադրբեջանն այս ամենը գիտակցում է, այդ պատճառով ընտրել է ոչ լայնածավալ պատերազմի մարտավարություն։ Մյուս կողմից էլ նա չի ուզում գնալ զիջումների բանակցային գործընթացում, փորձում է լոկալ գործողությունների գնալու մարտավարությամբ ինչ-որ բան մաս-մաս վերցնել։ Ապրիլին փոքր բան ստացվեց վերցնել, բայց այժմ չի ստացվում, հետագայում էլ չի ստացվի»,-շեշտեց նա:

Վաղարշակ Հարությունյանի ներկայացմամբ՝ Ադրբեջանը լոկալ գործողություններ անելով փորձում է Արցախում և Հայաստանում վախի մթնոլորտ ձևավորել:

«Լսում ենք չէ՞, Հայաստանում և Արցախում կան մարդիկ, որոնք ասում են՝ ինչքան պետք է այս իրավիճակը շարունակվի, ինչքան զինվորներ պետք է զոհվեն, զինծառայողների ծնողները ևս մամուլում ասում են: Ադրբեջանը դա փակել է, ինքը ցենզուրա է մտցրել և այնտեղ արգելված է այդ մասին խոսել։ Փորձում են մեր հասարակության վրա բարոյահոգեբանական ազդեցություն գործել նաև տեղեկատվական, լրատվական պատերազմի միջոցով»,-ընդգծեց նա:

Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ Ադրբեջանն այս քաղաքականությամբ փորձում է նաև հայկական կողմին հյուծել ինչը չի հաջողվում, բայց անկախ արդյունքից, այդ փորձերը չի դադարեցնելու, քանի որ այլ ճանապարհ չունի:

«Սա պատերազմ է, բոլորս պիտի գիտակցենք՝ պատերազմն ավարտված չէ: Երբ որ մենք ասում ենք՝ զոհեր ենք ունենում սահմանին, որքան էլ որ ցավալի կորուստ է, մենք պետք է հասկանանք՝ շատ է, թե քիչ է, պատերազմ ենք տանում: Օրինակ են բերում Ամերիկան, որը չի պատերազմում Աֆղանստանում, նա իր կայազորներում փակված օգտագործում է ավիացիան, տեխնիկական այլ միջոցները, տարեկան 200-300 հոգի զոհ է տալիս միայն Աֆղանստանում, էլ չեմ ասում Իրաքում և այլ վայրերում։ Նույն ուկրաինական բանակը. 2014 թ-ից մինչ այսօր միայն ինքնասպանություն գործող զինվորների թիվը 500 է, իսկ մեր կորուստները, որի մասին մամուլում գրում են 1994թ-ի զինադադարից հետո մինչև այսօր, մոտ 2000 հոգի է: Ամերիկական բանակում ինքնասպանությունների թիվը տարեկան հասնում է 300-350 հոգու, նույնը՝ այլ պետություններում։ Կամ մեր փողոցներում վթարներից ինչքա՞ն մարդ է զոհվում…ի՞նչ պիտի անենք, պետք է պատերազմը տանենք»,-շեշտեց նա:

Վաղարշակ Հարությունյանի կարծիքով՝ հակամարտություններն ընդհանրապես չեն լուծվում քաղաքական ճանապարհով, օրինակ՝ Կիպրոսի, Իսրայելի և տասնյակ այլ հակամարտություններ:  Ըստ նրա՝ ԵԱՀԿ-Մինսկի խմբի շրջանակում լուծումների սպասել պետք չէ:

«Ի՞նչ ենք մենք ենթադրում, որ Ադրբեջանը վաղը պիտի հանձնվի, ասի՝ Ղարաբաղը ձե՞րն է, սա կազմալուծման տանող մոտեցում է, սրանով մենք նպաստում ենք Ադրբեջանի և Թուրքիայի պրոպագանդային, ռազմական գործողություններին: Փոխզիջման մասին հնարավոր չէ այսօր խոսել, գիտեք՝ կա բուն գործընթաց, կա բանակցային գործընթաց, դիվանագիտական գործողություն, պետք է բանակցել, բայց միևնույն ժամանակ գիտակցել, թե  կա՞ն նախապայմաններ, որ Ադրբեջանը կգնա փոխզիջման, ո՛չ, չկան»,-շեշտեց նա:

Վաղարշակ Հարությունյանն ընդգծեց, որ համաձայն չէ այն պնդումների հետ, թե Ադրբեջանը տարբեր հարթակներում կարողանում է հաջողության հասնել: Ըստ նրա՝ 25 տարի Ադրբեջանը չի կարողացել լուծել իր առջև դրված խնդիրը:

«Կամ ո՞վ է ասում, թե մենք նախահարձակ չենք լինում, միայն պաշտպանվում ենք։ Հարկ եղած դեպքում լինում ենք, եթե մենք չլինեինք նախահարձակ, 25 տարի այս տարածքները չէինք կարողանա պահել: Այստեղ կա գաղտնիություն, ինչի՞ պիտի այդ մասին խոսենք, մենք անում ենք մեր գործը, մենք եթե իրենց չպատժեինք ռազմական դաշտում, այլ կերպ իրենց կպահեին, հիմա ո՞վ է պարտվում, իրենք չէ՞: Մենք կարող ենք ասել, որ կարելի է այլ մարտավարություն մշակել, բայց դա բաց քննարկման թեմա չէ: Մենք պետք է վստահենք մեր բանակին, որը հաղթանակ է տարել և 25 տարի 1000 կմ շփման գիծը պահում է»:

Վաղարշակ Հարությունյանն անհիմն է համարում նաև ժամանակ առ ժամանակ հրապարակ նետվող խոսակցությունները, թե հայկական կողմը պատրաստ է միակողմանի զիջման, հողեր հանձնելուն:

«Ես դա բացառում եմ, եթե Ադրբեջանը չի գնում զիջման, եթե հստակ կարգավիճակ չի տրվում, մենք ինչի՞ պիտի գնանք։ Եթե մենք գնում ենք այդպիսի զիջման, ապա շփման գիծը երկարացնում ենք երկու անգամ, Ղարաբաղի բոլոր շրջկենտրոնները դարձնում ենք հրետանու համար հասանելի, մենք կորցնում ենք ռոկադային ճանապարհները, կորցնում ենք կապը Հայաստանի հետ, մենք հանձնում ենք շփման գիծը, որտեղ ինժեներական կառույցներ ստեղծելու համար մեծ գումարներ են դրվել։ Ով հողերի հանձման մասին խոսակցություններ է շրջանառում, չի աջակցում հարցի լուծմանը, հակառակը՝ Ադրբեջանի մոտ ստեղծում է իլյուզիա, որ հնարավոր է այս ճանապարհով գնալ»,-շեշտեց նա:

Մանրամասները՝տեսանյութում։

 

 

 

 

Անի Գևորգյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։