«Ով որ կարծում է, որ Իսկանդերը զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է Իսկանդերը.Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն օրերս այցելել էր հայ-ադրբեջանական սահմանագծի մարտական դիրքեր, Իջևանում տեղակայված զորամաս, որտեղ մասնակցել է զորամասի նոր մշտական տեղակայման վայրի բացման արարողությանը, ինչպես նաև «Դիտակետ», «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը։

Այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը նաև հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարին, որի ժամանակ խոսել է հայկական Զինված ուժերի ներկայիս իրավիճակի, մարտունակության, սահմանագծում տիրող իրավիճակի և անվտանգության խնդիրների մասին:

«Ռ-էվոլյուցիայի» ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հարցազրույցի անոնսը, որտեղ Նախագահը նշում է, որ Հայաստանն ունի բավարար սպառազինություն, որպեսզի կարողանա զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնել այն վտանգը, որը սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը:

«Ով որ կարծում է, որ Իսկանդերը զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է Իսկանդերը: Այ երբ որ իմանա, կհասկանա, թե ինչպիսի կործանարար ուժ ունի այդ զենքը»,- ասել է Նախագահը:

Սերժ Սարգսյանը նաև անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը ի վերուստ տրված և միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունք է։

«Այն միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունք է և պետք է իրացվի»,- շեշտել է Նախագահը:

«Ի՞նչ կարող է երաշխավորել ցանկացած լուծման շարունակականություն կամ ի՞նչ երաշխիք կարող է լինել, որ եթե քաղաքական լուծում լինի, ապա պայմանները պահպանվելու են. ես բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ թիվ մեկ և ամենավստահելի երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժեր ունենալն է»,- հայտարարել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հաղորդման ամբողջական թողարկումը եթեր է հեռարձակվելու կիրակի՝ 23:20-ին