ՌԴ-ն Արցախում այս փուլում պատերազմ չի սադրի. ռազմական փորձագետ

Ոչ մի պրոդուկտիվ գործողություններ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից պետք չէ սպասել:Արթուր Եղիազարյանը՝ անդրադառնալով Նյու Յորքում սեպտեմբերին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը, թե հնարել դժվար է, ինչ կա՝ դրա շուրջ էլ բանակցելու են:

«Կարելի ասել՝ հերթական հանդիպում է լինելու, ոչինչ չի փոխվելու, բանակցային նոր օրակարգ չի ձևավորվելու, ըստ էության՝ 2016 թ-ի ապրիլյան գործողություններից հետո գործընթացը կանգնած է»,-շեշտեց ռազմական փորձագետը:

Արթուր Եղիազարյանի խոսքով՝ հայկական կողմը կրկին բարձրաձայնելու է սահմանին հետաքննող մեխանիզմների տեղադրման հարցը, ադրբեջանական կողմը կրկին խոչընդոտելու է գործընթացին:

«Նախարարների հանդիպման ժամանակ, կարծում եմ, դիվանագիտական ուղղակի կամ անուղղակի լեզվով հայկական կողմը կհասկացնի, որ եթե Ադրբեջանը կրկին սադրանքների դիմի, լուրջ քայլեր փորձի անել, ապա ինչպես վերջերս ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն ասաց, ոչ միայն կկասեցնենք, այլ հակառակը՝ Ադրբեջանը կկորցնի նոր տարածքներ: Ապրիլից հետո հայկական կողմը բավականին կոշտացրել է իր դիրքորոշումը և դժվար թե թուլացնի»,-ընդգծեց փորձագետը:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ այս ժամանակահատվածում նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացմամբ ՌԴ-ն փորձի իրավիճակը Արցախի շուրջ թեժացնել, Արթուր Եղիազարյանն ասաց, որ չի կարծում, որ այս փուլում նման բան կլինի:

«ՌԴ-ի ազդեցությունը տարածաշրջանում այս փուլում ինչո՞վ է վտանգված. քաղաքական իրավիճակում իհարկե ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել, բայց այս պահին տարածաշրջանում ռուսական շահերին վտանգ չկա, պատերազմ կլինի, թե ոչ՝ բացառապես կախված է հայկական և ադրբեջանական կողմից։ Եթե Ադրբեջանը նպաստավոր պայմաններ տեսնի, կփորձի , բայց մեր Զինված ուժերի կողմից ցանկացած գործողության պատասխան հարված է տալիս»,-մանրամասնեց նա: