Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Մանվել Գրիգորյանն անդրադառնում է միակողմանի ծնողազուրկների համար 150 կմ հեռավորության վրա չծառայելու փաստացի արտոնության վերացման վերաբերյալ

«Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանն անդրադառնում է միակողմանի ծնողազուրկների համար 150 կմ հեռավորության վրա չծառայելու փաստացի արտոնության վերացման վերաբերյալ ՊՆ նախագծին:

– Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը օրերս հայտարարել է, որ զորակոչի կազմակերպման հետ կապված մի շարք վերանայումներ են առաջարկվում: Մասնավորապես, նախատեսվում է վերացնել միակողմանի ծնողազուրկ զինծառայողների դեպքում տանից առնվազն  150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը: Ձեր կարծիքով՝ սա կարո՞ղ է խնդիրներ առաջացնել. ի վերջո, արտոնություն է, որից զրկվում է միակողմանի ծնողազուրկը:

– Հայ մարդու համար տարբերություն չպետք է լինի՝ 50, 150, թե 350 կիլոմետր տանից հեռու ծառայություն մատուցի հայրենիքին: Հայ տղամարդը միշտ պետք է պատրաստ լինի պաշտպանել հայրենիքը, պետությունը, ազգը, ծնողներին, իր ընտանիքը: Օրինակ՝ չինարեցին շատ արդյունավետ ծառայություն կարող է տանել հենց իր հայրենի գյուղի մոտ, իրեն հարազատ և ծանոթ տեղանքում: Սակայն, որտեղ էլ պետք լինի՝ նույն չինարեցին միշտ պետք է պատրաստ լինի պաշտպանել իր հայրենիքը: Այնպես որ, նոր նախաձեռնության մեջ ոչ մի վատ բան չկա: Բանակի փոփոխությունները ողջունելի են: Կյանքը կանգ չի առնում, երիտասարդներին միշտ պետք է հնարավորություն տրվի, որ առավել արդյունավետ կերպով պաշտպան լինեն իրենց տանն ու օջախին:

– Ինչպես գիտենք, այժմ եթե երկու եղբայր նույն զորակոչի ժամանակ են զորակոչվում, իրենք կարող են նույն զորամասում ծառայություն անցնել: ՊՆ առաջարկում է «նույն զորակոչ ձևակերպումը հանել» և եթե նույն ընտանիքից  2 կամ 3 եղբայր ծառայում են, իրենք իրենց ցանկությամբ պետք է կարողանան նույն զորամասն ընտրել: Այս փոփոխությանը ինչպե՞ս եք վերաբերվում:

– Ողջունելի նախաձեռնություն է: Առհասարակ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շարունակ մտածում է այնպիսի մեխանիզմներ ստեղծելու մասին, որ կբարձրացնի պաշտպանունակությունը, մարտական ոգին:

– Երեկ Տավուշի մարզի սահմանակից Չինարի գյուղում Ադրբեջանը կրակ բացեց ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելության ուղղությամբ: Հակառակորդը մշտապես կրակի տակ է պահում սահմանային գյուղերը. ի՞նչ եք կարծում, կարիք կա՞ սահմանային գյուղերը ռազմականացնելու: Ժամանակին նման հարցադրումներ շատ են եղել, և Ձեր տեղակալը՝  Արա Կետիկյանն էլ ժամանակին այս առնչությամբ մեզ հետ հարցազրույցում ասել էր, որ սահմանային գյուղերում ամեն մի հայ տղամարդ պետք է ունենա զենք:

– Ադրբեջանի համար դա սովորական աշխատաոճ է: Նրանք միշտ էլ սադրանքների են գնում: Միջազգային հանրությունն էլ պետք է վաղուց հասկացած լինի, որ թուրքն ու  ազերին Արցախի խնդրի խաղաղ կարգավորում չի կամենում: Դա իրենց խնդիրն է, իսկ մեր խնդիրը միշտ պատերազմին պատրաստ լինելն է: Այլ ելք չունենք, մեր տարածաշրջանը մեզ այլ հնարավորություն չի տալիս: Եթե խաղաղություն ենք ուզում, միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Ինչ վերաբերում է Չինարիի բնակչությանը, այլ սահմանամերձ տարածքների բնակչությանն, ապա այդ մարդիկ սահմանապահ են: Չեմ խուսափի այդ ձևակերպումից՝ սահմանաբնակ մարդը, սահմանին վարուցանք անող, երեխա ունեցող, սերունդ կրթող մարդը սահմանապահ է: