Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները որոշակի գործընթաց անցնելուց հետո կկարողանան օգտվել բնակարանային ապահովման ծրագրից։ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ծրագրի մանրամասները ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը հնարավորություն է տալիս կառուցել սեփական տուն սահմանամերձ գյուղական բնակավայրերից որևէ մեկում։ Ծրագրի շահառուները ՀՀ քաղաքացիներն են, բայց հաշվի առնելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ևս կարող են կամովին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, հետևաբար կարող են նաև օգտվել գործող պետական աջակցության ծրագրերից։
«Այսօր արդեն ծրագրից կարող է օգտվել այն ամուսնական զույգը, որոնցից նույնիսկ մեկը ՀՀ քաղաքացիություն ունի։ Անհրաժեշտ է սահմանամերձ թվով 80 բնակավայրից գոնե մեկում հողատարածք ձեռք բերել, որտեղ կկարողանան կառուցել իրենց տունը»,- նշեց Խաչատրյանը։