Վարդենիսում թեժ է լինելու. ՀՀԿ-ականներն՝ ընդդեմ ՀՀԿ-ականների

Նոյեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում քաղաքապետի ընտրություն է նշանակված: Այստեղ միմյանց դեմ կպայքարեն գործող քաղաքապետ, ինտրիգների մեծ սիրահար Վոլոդյա Խլոյանը և ինքնառաջադրված, սակայն նույնպես ՀՀԿ-ան՝ ՍԱՏԳ վարչության պետ Արամ Հարությունյանը:

Ի դեպ, ընտրությունների քարոզարշավը դեռ չսկսած, Արամ Հարությունյանն, իր նախընտրական քարոզարշավի պաստառները սկսել է փակցնել Վարդենիս քաղաքի տեսանելի տեղերում ու մարդաշատ վայրերում։

Այս հանգամանքը պատճառ է դարձել, որ գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վոլոդյա Խլոյանի շտաբից ահազանգեն ԿԸՀ եւ տեղեկացնեն ընտրական օրենսգրքի խախտման մասին։

Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումը վերացնելու փոխարեն, թեկնածուն բրեզենտե կտորներով ծածկել է իր նախընտրական պաստառները` մինչեւ քարոզարշավի մեկնարկը։

Վարդենիսի քաղաքապետի թեկնածու Արամ Հարությունյանը շտապել եւ իր պաստառները փակցրել է, քանի որ կարծել է, թե ինքն է իշխանությունների ցանկալի թեկնածուն։

Ընտրությունների ինտրիգն այն է, որ Հարությունյանը դեռ հավակնում է քաղաքապետ դառնալ, այն պարագայում, երբ տարիներ շարունակ «Փարոս» համակարգով քաղաքացիների օգնություններից «փայ է մտել», յուրացրել է անապահովների փողը, կտրել մարդկանց հասանելիք օրինական թոշակից, ու այդ ամենի գնով կարողացել է դառնալ բառի ուղիղ իմաստով՝ միլիարդատեր: Վարդենիսի նման խղճուկ քաղաքում, որտեղ աղքատների թիվը, ինչպես մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում, սարսափելի մեծ է, նա կարողացել է մի քանի տներ ու օբյեկտներ կառուցել, ՌԴ-ում բիզնես հիմնել:

Բազում պետական կառույցներ ստուգումներ են կատարել Վարդենիսի սոցապում, աղաղակող բացահայտումներ արել, բայց ամենազոր «մաղարիչով» Արամ Հարությունյանն իր հարցերը լուծել է. այս մասին մամուլը գրել է: Արամ Հարությունյանի թեկնածությունը պաշտպանում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Մարդ, որն ամենուր հայտարարում է, թե «մաքուր են աշխատում»: 

Մամուլում տեղ գտած տեղեկության համաձայն՝ Արամ Հարությունյանը վայելում է նաև Գեղարքունիքի ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի հովանավորությունը:

Գուցե դա է պատճառը, որ գործող քաղաքապետը մրցակցին տապալելու հարցում միջոցների ընտրության մեջ առանձնահատուկ նրբանկատություն չի դրսևորում՝ ՀՀԿ լավագույն ավանդույթի համաձայն գործի դնելով վարչական ռեսուրսը:

Ընտրությունների ֆոնին քաղաքում լարվածությունը մեծացել է այնքան, որ այն հասել է Վարդենիսում բավականին հայտնի թիվ 1 երաժշտական դպրոց։ Բանից պարզվում է՝ դպրոցի ուսմասվար Փառանձեմ Երանոսյանը ահուսարսափ է տարածում կրթօջախում։ Նա ուսուցիչներին ահաբեկում է՝ եթե չընտրեն Վոլոդյա Խլոյանին, ապա իրենց վիճակը կտեսնեն նոյեմբերի 5-ից հետո։ Այս մասին բազմաթիվ ահազանգեր հնչեցին մամուլում: Ինչպես երևում է ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ նոր ոգին այդպես էլ չի հասել՝ ոչ պայքարի մեթոդներն են փոխվել, ոչ էլ՝ բովանդակությունը:

Դաշտը ազատելով մրցակիցներից՝ ՀՀԿ-ում հիմա էլ իրար միս են ուտում: Դրանից, մասնավորապես, վարդենիսցիների կյանքը չի լավանալու, ոչ էլ տարիներ ի վեր կուտակված խնդիրներն են լուծում գտնելու:

Ընդամենը հերթական կռիվը աթոռի համար: Ոչինչ չի փոխվում: