Ճամբարակի 20/29 ընտրատեղամասում վիճաբանություն է սկսվել հանձնաժողովի նախագահի և Վ. Ադամյանի վստահված անձի միջև

Ճամբարակի 20/29 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1793 անձ։ Lratvutyun.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Իրինա Աթաբեկյանը:Lratvutyun.am-ի թղթակիցը տեղից հաղորդում է, որ 14:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 543 ընտրող: Ընտրությունների ընթացքին ընտրատեղամասում հետևում են նաև երկու դիտորդական կազմակերպություններ՝ «Համազգային երիտասարդական ասոցիացիա»-ն և «Ազատ երիտասարդների խորհուրդ» կազմակերպությունը: Ըստ հանձնաժողովի նախագահի`միայն մեկ հոգու մատնահետքի ճանաչման հետ կապված խնդիր է առաջացել, որն էլ կարգավորվել է:

Ճամբարակում ինքնաառաջադրված Վազգեն Ադամյանի վստահված անձը՝ Թարխան Խոչոյանի մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ ընտրությունները խաղաղ են ընթանում, ավելին՝ իրենք գոհ են ընտրողների ակտիվությունից։

Վազգեն Ադամյանի մեկնաբանությունից քիչ անց սակայն տեղամասում խնդիր առաջացավ ընտրողներին ուղեկցողների հետ կապված:

Մասնավորապես, ընտրությանը մասնակցող մի տղամարդ, որն, ըստ Ադամյանի կողմնակիցների, ալկոհոլի ազդեցության տակ էր, իր գրանցման թերթիկը ճմրթել էր: Ադամյանի վստահված անձինք պահանջեցին, որ տվյալ տղամարդուն պետք է ուղեկցող լինի, իսկ սա հանձնաժողովի նախագահին դուր չեկավ: Վերջինս ասաց, որ հարբած մարդուն ուղեկցող չի հասնում: Այստեղ վիճաբանություն սկսվեց հանձնաժողովի նախագահ Իրինա Աթաբեկյանի և Ադամյանի վստահված անձ Թարխան Խոչոյանի միջև: Հանձնաժողովի նախագահը հայտարարեց. «Արդեն համը հանում եք, բոլորին ի՞նչ է, ուղեկցո՞ղ է պետք»:

Հանձնաժողովի նախագահն այնուհետև շարունակեց, թե Ադամյանի վստահված անձը՝ Թարխան Խոչոյանը «լրագրողներ է տեսել և ուզում է դրսևորվել: Խոչոյանն էլ իր հերթին պատասխանեց. «Էդ որ էն կողմից են գալիս, (Յուրա Ավալյանի կողմնակիցներին նկատի ունի) կարելի է, իսկ որ էս կողմից են գալիս, չի՞ կարելի»:

Հանձնաժողովի նախագահը Խոչոյանից պահանջեց իր հետ բարձր տոնով և ձեռքերով չխոսել, Խոչոյանն էլ պատասխանեց. «Լավ եմ անում»:

Այնուհետև հանձնաժողովի նախագահը ընտրական օրենսգիրքը վերցրեց ձեռքը. փորձում էին հասկանալ, թե ըստ օրենքի ում է ուղեկցող հասնում:

Ինչպես Tert.am-ին հայտնեց հանձնաժողովի նախագահը`ընտրողներից 32-ը ուղեկցողի օգնությամբ է  մասնակցել ընտրության:

Ի դեպ`Ադամյանի ներկայացուցիչներից մեկն էլ ասաց, որ քիչ հետո ինքն էլ է մասնակցելու ընտրության և վստահված անձ է խնդրելու:

Դիտարկմանը, թե բոլորը գյուղում ուղեկցողո՞վ են մասնակցելու ընտրությանը, նա պատասխանեց. «Ես եմ` տառաճանաչ չեմ, գյուղի կեսը դպրոց չի գնացել»:

lratvutyun.am-ը նաև զրուցեց Իրինա Աթաբեկյանի հետ՝ հասկանալու`ի վերջո ի՞նչ կատարվեց։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ օգնողի ինստիտուտից օգտվող անձանց մի մասին ուղեկցում են (օգնելու համար)Ադամյանի վստահված անձինք՝ հաճախ խախտելով օրենքը: Իսկ օրենքը, ըստ հանձնաժողովի նախագահի, պահանջում է որևէ մեկին չօգնել, մինչև հանձնաժողովի նախագահը թույլտվություն չտա։

«Սակայն շատ դեպքերում չեն սպասում, գալիս են, ասում են՝ կույր է, և մարդկանց տանում են ընտրության»,– ասաց նա:

Որպես ամփոփում` Իրինա Աթաբեկյանն ասաց. «Խոշոր խախտումներ չկան, բայց  տարօրինակ է, որ օգնողները մի քիչ շատ են: Ու դրանք ոչ թե մեծերն են միայն, այլև  երիտասարդները. գալիս է, ասում  է՝ կույր եմ, կամ չեմ կարդում, բայց մեր կրթությունից տեսողական պատճառներով դուրս մնացած երիտասարդներ չկան»:

Հիշեցնենք, որ Ճամբարակում ընտրապայքարն ընթանում է գործող քաղաքապետ Յուրի Ավալյանի և ինքնաառաջադրված թեկնածու Վազգեն Ադամյանի միջև : 23 հոգի էլ թեկնածություն է դրել ավագանու համար, որոնցից 6-ը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ են: