Նշավանում պայքարում է. ՀՀԿ-ական համայնքապետը հավաստիացնում է՝ կշնորհավորի, եթե մրցակիցը հաղթի

Արտաշատ քաղաքից ոչ հեռու գտնվող Նշավան գյուղում, որն ունի 2400 ընտրող, այսօր համայնքապետ են ընտրում: Առաջադրված երկու թեկնածու կա, որոնցից մեկը գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Պապ Հակոբյանն է, իսկ մյուսը՝ նրա վաղեմի ընկեր, անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը:

Պապ Հակոբյանը, ով 12 տարի է, ինչ համայնքապետի պաշտոնն է զբաղեցնում, ասաց, որ եթե մարդիկ իր աշխատանքից գոհ լինեն, ապա իրեն կընտրեն:

«Ամեն ինչ կախված է ժողովրդի ընտրությունից: Նրանք տեսել են աշխատանքը, եթե նորմալ համարեն կընտրեն, եթե ոչ, ուրեմն լավ չեմ աշխատել»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ խնդիրներ կա Նշավանում, որոնք լուծելու եք ընտրվելուց հետո, նա պատասխանեց, «Խնդիր չունենք առանձնապես: Սպասում ենք համայնքների միությանը, ոչ մի բան չի մնացել 6 ամիս բան է մնացել»: Դիտարկմանը, թե կարծես ասֆալտապատման խնդիր ունեք, նա ասաց, որ բոլոր գյուղերն էլ այդ խնդիրն ունեն:

Ինչ վերաբերում է մրցակից անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանին, ապա Պապ Հակոբյանն ասաց, որ իրենք ժամանակին մոտ ընկերներ են եղել, բայց քաղաքականությունը չէ, որ իրենց հեռացրել է միմյանցից:

Նա ասաց, որ եթե Մյասնիկ Հովհաննիսյանն իրեն հաղթի, ինքը կշնորհավորի նրան: «Անպայնման կշնորհավորեմ»,- ասաց նա:

Tert.am