Մեղրաձորում թեժ է. ժողովրդին ստիպում են քվեարկել իշխանության թեկնածուի օգտին. Սամվել Մկրտչյան

Մեղրաձոր համայնքում տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններին անում են ամեն ինչ, որ անցնի իշխանության թեկնածուն:

Այս մասին lratvutyun.am-ի հետ զրույցում ասաց Մեղրաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Մկրտչյանը՝ հավելելով, որ բոլոր միացված համայնքներում նույն իրավիճակն է:

«Մեղրաձորում, Մարմարիկում, Փյունիկում, Արտավազդում և Աղավնաձորում, բոլոր համայնքապետերը մարդկանց բերել են տալիս տեղամասեր և անում այնպես, որ իշխանության թեկնածուին ընտրեն: Այդ ամենը անում են բացահայտ»,-մեզ հետ զրույցում ասաց թեկնածու Ս. Մկրտչյանը:

Նշենք, որ համայնքների խոշորացումից հետո Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մեղրաձոր գյուղին են միացվել և մեկ համայնքի մեջ են մտել հարակից Մարմարիկ, Աղավնաձոր, Փյունիկ և Արտավազդ գյուղերը, որտեղ էլ տեղի է ունենում համայնքապետի ընտրություններ:

Մեղրաձոր համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են իշխանության թեկնածու Կառլեն Հովհաննիսյանը և անկուսակցական, իրավապաշտպան Սամվել Մկրտչյանը:

«Սա չի կարելի համարել ընտրություն: Անկառավարելի իրավիճակ է: Մարդկանց բացեիբաց ստիպում են քվեարկել իշխանության թեկնածուի օգտին: Այս ամենը կառավարում են մյուս համայնքների նախկին ղեկավարները»,-հավելեց Մկրտչյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։