Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 50,06%-ը. ԿԸՀ

նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է 243335 ընտրող, կամ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 50,06 %-ը։

Ընդհանուր առմամբ 69 համայնքում գրանցված էր ընտրելու իրավունք ունեցող 486106 քաղաքացի։

Մասնակցության ամենաբարձր՝ 78.33% ցուցանիշը գրանցվել է Ենոքավան համայնքում. այստեղ ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 406 քաղաքացիներից 318 –ը։

Ամենացածր մասնակցության ցուցանիշը՝ 15,42 %, գրանցվել է Սասունիկ համայնքում, որտեղ 2522 ընտրողից ընտրությանը մասնակցել է 389 ընտրող:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին հանրապետության 69 համայնքներում:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել էին ընտրությունների համար ձևավորված բոլոր 527 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Tert.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ ժամը 20:00-ին փակվել են բոլոր՝ 527 ընտրական տեղամասերը:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից 26-ում առաջադրված էր մեկական թեկնածու, 13 համայնքում՝ 2-ական թեկնածու, 5 համայնքում` 3-ական թեկնածու, 5 համայնքում` 4-ական թեկնածու, մեկ համայնքում՝ 5 թեկնածու և 2 համայնքում՝ 6-ական թեկնածու:

Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 56-ը անկուսակցական են, 67-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 6-ը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության, 4-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության, 1-ը՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության և 1-ը՝ «Համերաշխություն» կուսակցության անդամներ:

Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 93-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 36-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 6-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 144 քաղաքացիներից 40-ը ներկայացրել էր ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 983 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել 24 թեկնածու:

Սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել էին 11 տեղական հասարակական կազմակերպության թվով 1 017 դիտորդներ: Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել էին 24 տեղական զանգվածային լրատվության միջոցների թվով 275 ներկայացուցիչներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։