Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Նարեկ Սարգսյանի կասկածելի նախագիծը. ի՞նչ հետևանքներ այն կունենա

003

Հայաստանում տուրիզմի զարգացման թեման այն թեմաների շարքին է դասվում, որոնք երբեք իրեց արդիականությունը չեն կորցնում, ու եթե ցանկություն լինի նույնիսկ ամեն օր դրան անդրադառնալու, ասելիք, այնուամենայնիվ, կգտնվի:

Այս իրողությունը, ցավոք, պայմանավորված է  ոչ թե ոլորտում ամիս առ ամիս տեղի ունեցող դրական տեղաշարժերով կամ   առաջընթացով, այլ` միանգամայն հակառակ երևույթով. մինչև հիմա մենք տուրիզմի զարգացման նորմալ հայեցակարգ նունիսկ չունենք, ինչն էլ, ըստ էության, ընկած է այս` մեզ համար խիստ կարևոր ու հեռանկարային ոլորտի փաստացի դեգրադացման հիմքում (թվեր նկարելով ու պարբերաբար այդ թվերը հանրությանը հրամցնելով` տուրիստների իրական հոսքի ավելացմանը չես նպաստի):

Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ  Հայաստանի զարգացման հիմնադրամը տեղեկություն է տարածել «Նոյ» ազգագրական թաղամասի ներդրումային ծրագրի մասին. թաղամասի ճարտարապետական և բիզնես պլանավորման նախագծերը ներկայացվում են  մասնագետների քննարկմանը։ 

Թաղամասը, որը նախատեսվում է կառուցել Դալմայի այգիների տեղում, 150 մլն դոլարանոց պրոյեկտ է, որն, ըստ Նարեկ Սարգսյանի կողմից  ղեկավարվող Քաղաքաշինության պետական կոմիտեի (նախկին Քաղաքաշինության նախարարույունն է), էապես բարձրացնելու է Հայաստանի  զբոսաշրջային գրավչությունն ու աննախադեպ խթան է դառնալու տուրիստական նորանոր հոսքերի ներգրավման հարցում:

Ինչ խոսք` Նարեկ Սարգսյանի տեսակետն այս հարցում միանգամայն պարզ է ու կանխատեսելի. եթե կոմիտեն ինչ-որ ծրագիր է ներկայացնում, չի կարող դրա հավանական առավելությունների կողքին նշել նաև այն բազում խոցելի կողմերը, որոնք ունի այս կամ այն ծրագիրը: Դիցուք` ազգագրական թաղամասի կառուցման վերաբերյալ մինչև հիմա չեն դադարում  մասնագիտական ամենալայն շրջանակների կողմից հնչել քննադատական կարծիքներ, որոնք, պետք է խոստովանել, բավական հիմնավոր են` զերծ պոպուլիզմից:

Նախ` առաջին հարցը, որն առաջանում է այս պրոյեկտի հետ կապված, դրա վրա ծախսվող գումարի չափն է: Համաձայնե՛ք, 150 մլն դոլարը մեզ պես երկրի համար բնավ էլ քիչ գումար չէ ու լիովին կբավարարեր նույն տուրիստական ենթակառուցվածքները կարգի բերելու համար, հուշարձանները պատշաճ տեսքի բերելու, ինչպես նաև նորոգելու մեր հոգևոր ու մշակութային ժառանգության կարևոր մասը հանդիսացող կառույցները. դրանցից  շատերն այսօր ուղղակի  սարսափելի վիճակում են հայտնվել, ինչն ինքնըստինքյան անթույլատրելի է ու ամոթալի. մեկ անգամ չէ, որ այս մասին խոսվել է: Երկորրդն այն է, որ այս նախագծով ամեն բան է՛լ ավելի է գերկենտրոնացվում մայրաքաղքում` դրանից բխող բոլոր  անցանկալի հետևանքներով հանդերձ: Իրականում եթե  այս ծրագիրը չսահմանափակվեր Դալմայի այգու տարածքով, այլ սփռվեր մարզերով մեկ, գերազանց ծրագիր կարող էր համարվել, քանի որ էապես կնպաստեր մարզերի զարգացմանն ու զբոսաշրջիկների հոսքի հավասար տեղաբաշխմանը հանրապետությունով մեկ:  

Ծրագրի աննպատակահարմարությունը կասկածի տակ դնող փաստարկներից վերոհիշյալները միայն մի քանիսն են ու, ինչպես հասկանալի է, դրանք այսքանով չեն սահմանափակվում:

Ցավոք, սա ևս մեկ անգամ փաստում է, որ մեզանում որևիցե ոլորտում գրեթե իսպառ բացակայում է հստակ ռազմավարությունն, իսկ խնդիրներին տրվում են իրավիճակային լուծումներ: Չգիտես ֆանտազիայի՞ պակաս է, թե՞ պարզ շահագրգռվածություն, սակայն ակնհայտ է, որ Երևանն այսօր մեզանում խիստ գերագնահատված է` հակառակ մարզերի, ինչի արդյունքում էլ Հայաստանի շրջաններն օրեցօր մարում են ու դատարկվում. «Հայաստան» հասկացությունը հետզհետե սահմանափակվում է երկրի մայրաքաղքի սահմաններով, ինչն ուղղակի ողբերգություն է: