Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

2018թ. հունվարից Հայաստանում էական թանկացումներ չպետք է սպասել. ՊԵԿ նախագահի տեղակալ (ԱԺ նիստը)

565665

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը դժվարանում է պատասխանել այն հարցին, թե ի՞նչ ապրանքներ են և ի՞նչ ծավալով են թանկանալու ԵԱՏՄ անդամակցության որոշ պայմանագրերի ուժի մեջ մտնելուց հետո:

«Հայաստանի համար միասնական տարիֆների բացառության ժամկետը կամաց-կամաց լրանում է մինչև 2020 թ.-ը՝ յուրաքանչյուր ապրանքատեսակի մասով: Թե քանի տոկոս թանկացում է սպասվում… առհասարակ, դժվար է պատասխանել՝ թանկացում սպասվո՞ւմ է, թե ոչ: Օրինակ՝ թռչնի մսի համար նախատեսված է, որ մաքսադրույքը 14 տոկոսից սահմանվելու է 18 տոկոս: Այսինքն՝ 4 տոկոսային կետով ավելացում է լինելու, բայց թե ինչպես դա կանդրադառնա գների վրա, պայմանավորված է մի շարք հանգամանքներով»,- նշեց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Ըստ Վախթանգ Միրումյանի՝ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումները մաքսատուրքով չեն հարկվում, ինչը նշանակում է, որ եթե Հայաստանը երրորդ երկրներից ներմուծումը փոխարինում է ԵԱՏՄ երկրներից կատարվող ներմուծումներով, նշանակում է, որ մաքսատուրքի թանկացումը չի ազդում այդ ապրանքի վրա:

«Մենք ունենք նաև ազատ առևտրի մասին համաձայնագրեր մեր գործընկեր այլ երկրների հետ: Եթե տվյալ ապրանքատեսակի ներմուծումը փոխարինվեց տվյալ համաձայնագրի կողմ հանդիսացող երկրներից մեկից ներմուծումներով, բնականաբար կստացվի, որ որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Այստեղ պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ այն անցումային ժամանակահատվածը, որը տրված էր Հայաստանին, նաև տեղական արտադրությունը պաշտպանելու միջոց է»,-ասաց նա:

Միրումյանն ասաց, որ 2015 թ.-ին իրենք արդեն գիտեին, որ 2018թ.-ից տեղական արտադրողն ավելի լայն հնարավորություններ է ունենալու, ինչը նաև հնարավորություն է տեղական արտադրողի համար, օրինակ, թռչնի մսի արտադրությունն ընդլայնելու համար:

Վախթանգ Միրումյանը հայտնեց, որ այս քաղաքականության նպատակներից մեկն էլ այն է, որ ԵԱՏՄ անդամ երկրները միմյանց միջև ակտիվ առևտուր անեն:

Նա համաձայնեց դիտարկման հետ, որ երրորդ երկրներից Հայաստան ներմուծումները կրճատվելու են:

«Այո, եթե մաքսատուրքի դրույքաչափերը բարձրանում են, այլ պայմաններում ստեղծվում է հնարավորություն այնպիսի երկրներից ներմուծելու, որտեղ մաքսատուրքերի ազդեցությունը չեզոքացվում է»,- ընդգծեց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Արդյունքում, ըստ Վախթանգ Միրումյանի, 2018 թ.-ի հունվարից Հայաստանում էական թանկացումներ չպետք է սպասել: Անդրադառնալով արդեն իսկ արձանագրված թանկացումներին՝ ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ դրանք մաքսատուրքերով պայմանավորված չեն:

Պաշտոնյան նաև ասաց, որ իր կյանքն էլ վերջին մեկ տարում չի լավացել, մնացել է նույնը: Հարցին, թե թանկացումներն իր ընտանիքի վրա ինչպե՞ս են ազդել, նա պատասխանեց. «Ավելի շատ դրամական միջոցներ եմ կորցրել»: