Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Մենաշնորհների արատավոր ճյուղին տեղավորվեցին իրենք՝ մերձավորներով. «Ծառուկյան» խմբակցությունը դեմ կքվեարկի 2018թ. պետբյուջեին. Նաիրա Զոհրաբյան

11122222

Ազգային ժողովում  «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական քննարկմանը Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը, ով վրդովված էր, որ ԱԺ դահլիճում ներկա չէին վարչապետն ու փոխվարչապետը:

«Այն, որ կառավարության ղեկավարը, փոխվարչապետը այստեղ չէ, սա շատ պարզ խոսում է այն բանի մասին, որ չի հետաքրքրում իրենց այստեղ քննարկումները, քանի որ լավ գիտեն, որ ինչ էլ խոսեն, միևնույնն է՝ կա մեծամասնություն, որը կբերվի պատեհ պահի դահլիճ և երկրի տնտեսական կարևորգույն փաստաթուղթը կսղղացնեն և կանցկացնեն: Դրա համար Կառավարության մի քանի ներկայացուցիչներ են ներկա, որոնք վստահաբար ձանձրանում են ընդդիմության ելույթներից, որովհետև գիտեն կա քաղաքական որոշում և վաղն առավոտյան այստեղ դակվելու է»,-ասաց նա:

Նշենք, որ բյուջեի նախագծի քննարկման մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա էր և ավելի ուշ նա լքեց դահլիճը:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե երբ Կառավարությունը նոր էր ստանձնել իր լիազորությունները, բավական լավ մեսիջներ էր հղում հանրությանը՝ կոռուպցիայի վերացում, տնտեսության ազատականացում, հավասար մրցակցային պայմաններ բոլորի համար: «Այսօր սակայն ունենք զրո արդյունք»,-ասաց նա և ընդգծեց, որ հրապարակվել է կոռումպացված երկրների ցուցիչը, ըստ որի՝ 176 երկրներից Հայաստանը գրավում է 132–րդ «պատվավոր» տեղը, այն դեպքում, երբ հարևան Վրաստանն առաջին 50-ի մեջ է:

Նա նշեց, թե այն ժամանակ Կառավարությունը հայտարարեց, թե Սինգապուրի մոդելով  է գնալու, մինչդեռ ոչ միայն կոռուպցիան չի հաղթահարում, այլ «ներդրումների գույնզգույն փուչիկներից բացի ոչինչ չունի»:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև պետական պարտքին և նշեց, որ հունվարի 1-ց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արտաքին պարտքի բեռը 2200 դոլար կկազմի և այդ պարտքն աճում է:

Նա ներկայացրեց երեկ ԱՎԾ-ի հրապարակած աղքատության ցուցանիշները, ըստ որի՝ ՀՀ յուրաքանչյուր  3-րդ քաղաքացի աղքատ է ու ծայրահեղ աղքատ: «1 մլն քաղաքացի օրական վաստակում է 1000 դրամ, սա ևս  համեմատենք խայտառակ գնաճի հետ, որ ՀՀ-ում կա»,-ասաց նա և նշեց, որ սրան զուգահեռ աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանա:

«Այս կառավարությունը չունեցավ քաղաքական խիզախություն, որ կտրի այն արատավոր ճյուղը, որի վրա հանգիստ նստած են տնտեսական մոնոպոլիստները, ովքեր անընդհատ անբարեխիղճ դեմպինգ են անում, որ որևէ մեկ այլ անձ, ով չի պատկանում այս կլանին, մտնի այդ տնտեսական շուկա, որովհետև այդ ճյուղի վրա նստեցին իրենք և իրենց նեղ թիմի ներկայացուցիչները»,-ասաց նա:

Պատգամավորը մեջբերեց Ֆինանսների նախարարի հայտարարությունը, թե մարդկանց մեջ չպետք է ծուլություն սերմանել: «Պետք չի դասագրքային աքսիոմ ասել, դե տվեք այդ հնարավորությունը մարդկանց աշխատելու, որտեղ են այդ հնարավորությունները, բացի ձեր ներդրումային փուչիկներից»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե խոսում էին գիտելիքահենք տնտեսության մասին: «Ի դեպ, Մոզամբիկի բյուջեով կրթության և գիտությանը հատկացվել է ՀՆԱ-ի 1,8%-ը, իսկ մեր բյուջեով 1,6%-ը»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս կառավարությունը եկավ բավականին բարձր նոտա վերցրած, մինչդեռ այլ բան ստացվեց: «Իրենք ամրացրեցին կոռուպցիան, տնտեսական մենաշնորհները, իրենք տեղավորվեցին, մերձավորներով ու թիմակիցներով: Տեղի ունեցավ արատավոր ճյուղի վրա նստածների կարգավիճակի փոփոխություն, ոչինչ ավելի»,-կրկնեց նա և հայտարարեց, թե բնականաբար «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու ներկայացված այս նախագծին: