Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Պետական բյուջեով նախատեսած ներդրումների հնարավորություններ, թեև այն չեն, որ մենք կցանկանայինք, բայց, միևնույն է, պետական բյուջեի հնարավորությունների սահմաններում բավականին մեծ են. Հակոբ Հակոբյան

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ զրուցել է ՀՀ-ում աղքատության ցուցանիշների, հաղթահարման մասին: Նա նկատեց, որ 29.4 տոկոս աղքատության ցուցանիշը փաստում է, որ նախորդ տարվա համեմատ 0.4 նվազում է եղել: Հակոբյանի խոսքով՝ աղքատությունը տնտեսական քաղաքականության հետևանք է, որպեսզի աղքատությունը պակասի մի շարք գործոններ են հարկավոր: Նրա գնահատմամբ՝ եկող տարի ներդրումների միջոցով նոր աշխատատեղեր  կլինեն, ինչի արդյունքում կնվազի նաև աղքատությունը:

– Պարո՛ն Հակոբյան, Հայաստանում աղքատության ցուցանիշը 29.4 տոկոս է, սա մտահոգիչ չէ՞ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին մի քանի տարվա ընթացքում աղքատության մակարդակը գրեթե նույն տոկոսի վրա և էական դրական տեղաշարժ չկա:

– Եթե գանք 2003 թվականից, կտեսնեք, որ աղքատության մակարդակն այն ժամանակ  56 տոկոս էր, իսկ վերջին տարիներին աղքատության մակարդակը դարձավ 32 տոկոս՝ 2009 թվականի ճգնաժամի ժամանակ: Այս ժամանակահատվածում էր, որ տնտեսական աճը կազմեց  -14 տոկոս,  այսինքն՝  տնտեսությունը 14 տոկոս պակաս արդյունք տվեց, հետևաբար, հարկերը նույնպես պակաս հավաքվեցին: Սակայն այդ ժամանակ աղքատության դեմ պայքարը շարունակելու քաղաքական որոշում կայացվեց և  այդ ժամանակ մենք պարտքով գումար վերցրեցինք աղքատության դեմ պայքարելու համար ու սոցիալական պահանջները բավարարվեցին:  Նախորդ տարի մենք ունեինք 29.8 տոկոս, իսկ այս տարի 0.4  տոկոս պակաս ունենք:  Աղքատությունն ինքը տնտեսական քաղաքականության հետևանքն է և որպեսզի աղքատությունը պակասի մի շարք գործոններ կան, օրինակ՝ տնտեսական  ու սոցիալական քաղաքականություն: Տնտեսական քաղաքականության  նպատակը տնտեսությունը զարգացնելն է ու տնտեսության 1 տոկոս զարգացումը բերում է 0.3 աղքատության կրճատման, սա ապացուցված է: Իսկ սոցիալական  ոլորտի իմաստն այն է, որ  պետական բյուջեից հատկացվող գումարները կարողանան ուղղորդել աղքատությանը, որպեսզի երկրում աղքատները քիչ լինի: 2018 թվականին պետական բյուջեում այսօր ունենք 40 մլրդ դրամ, որը գնալու է աղքատության մեղմացման համար: Որպեսզի աղքատությունը նվազի, մենք ունենք ծրագրեր գյուղատնտեսության ոլորտում և պետական բյուջեում  նախատեսված գումարների շուրջ 80 մլրդ ներդրումներ սահման, որը կբերի նրան, որ երկրում կրճատվի աղքատությունը: Այսինքն՝ մարդիկ ներդրումների պայմաններում կգտնեն աշխատանք, աղքատության ցուցակից դուրս կգան և  այն գումարները, որ մենք տալիս էինք, կգնան մյուս աղքատներին և աղքատությունը կկրճատվի: Հասարակության համար աղքատությունը վատ ցուցանիշ է, յուրաքանչյուր պետության  խնդիրը աղքատության կրճատում է, ինչը մենք անում են, բայց անում ենք մեր ունեցած տնտեսության պայմաններում:

– Հայաստանի երեխաների 1/3-ն աղքատ է, ինչպես է կարգավորվելու խնդիրը:

–  Բնականաբար, այն ընտանիքները, որտեղ կա աղքատություն, այդ ընտանիքի երեխաները մտնում են աղքատ երեխաների շարք: Հիմա 2018-19 թթ.-երի համար քննարկում ենք աղքատության ուղղվող գումարները երեխաներին տրամադրել, բայց այս գումարները, միևնույն է, ընտանիքի հասանելիք գումարն է, բայց, երեխաներին տրամադրելով, մեծերին կփորձենք հասկացնել, որ եթե երեխաների մասին պետությունը  հոգում է, ապա ծնողներն էլ ամեն կերպ պետք է փորձեն աշխատել, որ ընտանիքն աղքատությունից դուրս հանեն: Սա գյուղական վայրերում բավականին հեշտ է, հիմա էլ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվում է ծրագրեր, որ կարողանանք օգնել ընտանիքներին, որ իրենց աշխատանքով դուրս գան աղքատությունից: Այո՛, աղքատությունը ցավոտ երևույթ է, բայց այդ երևույթին լուրջ պետք է մոտենա յուրաքանչյուր ընտանիքի ղեկավար:

– Ի տարբերություն այլ երկրների՝ մեզ մոտ ծայրահեղ աղքատություն է, այլ ոչ թե հարաբերական, օրինակ՝ ԱՄՆ-ում կարող  է աղքատ համարվել այն անձը, որը 500 դոլարից պակաս է ստանում, բայց մենք 2018 թվականի բյուջեով սոցիալական ապահովության  ֆինանսավորումը չենք ավելացնում: Հնարավո՞ր է, որ մյուս տարի այս 0.4 տոկոս հաղթահարում էլ չունենանք:

– Դա կապված է ընդհանուր զարգացումներից, գնաճի քաղաքականությունից, քանի որ, թեև աղքատությունը մեկ գործոն է, միևնույն է,  դրա վրա ազդեցություն ունեն  բազմաթիվ գործոններ: Ինչ վերաբերում է հարաբերական աղքատությանն ասեմ, որ բոլոր երկրներում էլ այդպես է՝ մեկի մոտ 500 դոլար է, մեկի մոտ 100 և այլն: Յուրաքանչյուր երկիր, իր զարգացման մակարդակից ելնելով, ֆիքսում է  իր աղքատության շեմը: Ես էլ մեկ այլ օրինակ կարող եմ բերել, այն է, որ  Երևանում 1000 եվրո ստացող անձը կարող է ապրել այնպես, ինչպես Բեռլինում 4000 եվրո ստացող  անձը, որովհետև մեր մոտ ծառայությունների մատուցման գներն էժան են: Այսինքն՝ բոլորը հարաբերական ցուցանիշներն են:

– Տեսակետ կա, որ աղքատության մակարդակի 0.4 տոկոսով նվազում ոչ թե պետության քաղաքականության արդյունքն է, այլ մարդիկ կամ արտագաղթել են, կամ մահացել:

– Այդ տեսակետի տեր մարդիկ պարզապես չգիտեն, թե ինչպես պետք է հաշվել աղքատությանը: Աղքատությունը հաշվում են կոնկրետ մարդկանց թիրախավորած՝ 7872 ընտանիքի հետ հարցում կատարվելով, իսկ այս ընտանիքները փաստացի ապրում են ՀՀ-ում: Սա բացարձակ կապ չունի արտագաղթի կամ այլ հանգամանքի հետ:

– Աղքատության հաղթահարման  բաղադրիչներից մեկը գործազրկության հաղթահարում է, սակայն այս ոլորտում էլ ՀՀ-ն առանձնակի հաջողություններ չունի:

– Կարծում եմ՝ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսած ներդրումների հնարավորություններ,  թեև այն չեն, որ մենք կցանկանայինք, բայց, միևնույն է, պետական բյուջեի  հնարավորությունների սահմաններում բավականին մեծ են: Ես հույս ունեմ, որ մեր եղած  հնարավորությունների սահմաններում ներդրումներ կատարելուց հետ ցուցանիշի բարելավում կլինի: Մեկ խնդիր էլ պետք ասեմ, այն է, որ երբ աղքատություն ավելանում է բոլորը հավատում են դրան, իսկ երբ նվազում է, սկսում են թվերի իսկության վրա կասկածել: Եթե ընդունում են միջվարչության բազան, ապա բոլոր թվերին պետք է հավատանք:

– Բյուջեով սահմանված տնտեսական աճը բավարա՞ր է, որ ՀՀ-ում աղքատությունը գոնե 1-2 տոկոսով հաղթահարվի:

– 2018 թվականի պետական բյուջեի հնարավորությունները 1-2 տոկոսի ազդեցություն չեն կարող թողնել, մեր հնարավորություններն ավելի սակավ են:

Tert.am