Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ճրագալույցի տոնը

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ճրագալույցի տոնը՝ որը խորհրդանշում է Աստվածահայտնությունը, Սուրբ Ծնունդը։

Ճրագալույց է կոչվում Սուրբ Ծննդին, ինչպես նաև սուրբ Զատկին նախորդող օրը, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ճրագալույցին վառում են եկեղեցու ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է Սբ. Պատարագ: Եկեղեցուց վերադառնալով, հավատացյալները իրենց հետ տուն են բերում մոմեր, այնքան, որքան տան անդամներն են և հյուրերը: Մոմերը վառում են ընթրիքին, յուրաքանչյուրն իր սպասքի մոտ:

Ըստ Հայ Եկեղեցու՝ Սբ. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույց Աստվածահայտնության և մատուցվում Սբ.Պատարագ:

Ս. Ծնունդի և ճրագալույցի առավոտյան և երեկոյան, Հայաստանի որոշ վայրերում սովորություն կա «Քաթա» բաժանելու, որը կլոր բաղարջ է ցորենի ալյուրից պատրաստված` առանց յուղի: Ցորենի հետ սովորաբար խառնում են նաև եգիպտացորենի ալյուր և մեղրաջուր:

Երեկոյան ընթրիքին, որպես ծիսական կերակուր, պարտադիր կերպով պատրաստում են քիշմիշով փլավ, ձվով տապակած սպանախ և խաշած կամ տապակած ձկնեղեն: Օրհնանքներից հետո խմում են նաև գինին: Սուրբ Ծննդի և ճրագալույցի առավոտյան ուտում են նաև հարիսա:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։