Հայաստանը ստիպված խաղում է այն կանոններով, որ պարտադրում է այդ կազմակերպությունը.Ատոմ Մարգարյան

 

ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը,  անդրադառնալով հունվարի մեկից ուժի մեջ մտած Հարկային նոր օրենսգրքին, որով եկամտային հարկը 150 հազար դրամից բարձր եկամուտ ստացողների համար կբարձրանա, իսկ մինչև 150 հազար դրամ աշխատավարձի դեպքում 24.4-ի փոխարեն կհարկվի 23 տոկոսով, նշեց, որ այդ փոփոխության հետևանքով տնտեսումը չնչին է՝ համեմատ այն մուլտիպլիկատիվ էֆեկտի, որն ունեն թանկացումները:

Նա նշեց, որ հատկապես ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը, մթերքների, ծառայությունների թանկացումները կարող են շղթայական դեր ունենալ և չեզոքացնել այդ փոփոխությունը:

«Այդտեղ երկրորդ կարծիք չկա: Ֆորմալ առումով եկամտային հարկը 150 հազար դրամից ցածր եկամուտ ունեցողների համար որոշակի կրճատվում է, բայց մյուս կողմից սպառողական զամբյուղը, բնական է, թանկանալու է, արդեն որոշակի թանկացել է, և ճնշումը հատկապես գնալու է հենց սոցիալապես խոցելի շերտերի վրա»,-ասաց նա:

Ատոմ Մարգարյանը նկատեց, որ եկամտահարկի փոփոխությունը վերաբերում է աշխատավարձերին և հարց բարձրացրեց, թե այդ դեպքում ի՞նչ ասեն կենսաթոշակով և նպաստով ապրող մարդիկ, որոնց կենսաթոշակները և նպաստներն արդեն երրորդ տարին է՝ նույն մակարդակի վրա են:

Տնտեսագետն ասաց, որ եկամտային հարկի ընդհանուր փոփոխությունն արդեն երևում է, որ այդքան էլ հաջող չէ, թեև դեռևս չի կիրառվել: Նա նշեց, որ նոր «Հարկային օրենսգիրքը» դեռ չընդունված, արդեն փոփոխություններ է կրում, ինչը լավ օրից չէ:

«Դրա հիմնական պատճառը Հայաստանի անդամակցությունն է Եվրասիական տնտեսական միությանը. Հայաստանը ստիպված խաղում է այն կանոններով, որ պարտադրում է այդ կազմակերպությունը: Երկրորդ՝ տնտեսական, սոցիալական, ռազմաքաղաքական իրավիճակն է փոփոխվում, փոփոխվում է բյուջետային, պարտքային իրավիճակը և այս ընթացիկ կամ «օրվա» կառավարությունը պարտադրված է այդ փոփոխություններին ինչ-որ կերպ հարմարվել: Իսկ թե գործարար հանրությունը, տնային տնտեսությունները, բիզնեսը որքանո՞վ կկարողանան հարմարվել խաղի այս նոր կանոններին, դա մեծ հարց է, և առաջիկայում կերևա, թե որքան ցավոտ, որքան կորուստներով կլինի այդ ադապտացումը և, Աստված չանի, սոցիալական որոշակի բախումների հնարավորություններով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ «Ելք» դաշինքն ընդդեմ թանկացումների դուրս է գալիս երթի, Ատոմ Մարգարյանը անհասկանալի համարեց, որ խորհրդարանական ուժը, ունենալով իր տեսակետները հայտնելու այդպիսի հզոր գործիք, ինչպիսին խորհրդարանական ամբիոնն է, ինչ-որ ակցիաների է գնում:

«Ինձ համար անընդունելի է և տարօրինակ է. եթե նման ակցիաների գնային ինչ-որ արտախորհրդարանական ուժեր, քաղաքացիական ուժեր, ես կհասկանայի»,-ասաց նա:

Հարկային նոր օրենսգրքի հետ կապված տնտեսագետն ասաց, որ քննարկումներ մշտապես եղել են, և շատ դրույթներ համաձայնեցված են գործարար համայնքի հետ:

«Այնպես չէ, որ շատ բաներ միայն բացասական համատեքստում պետք է նայել, բավականաչափ բարելավումներ կան և այս փոփոխությունները որոշ առումով բարենպաստ են բիզնեսի համար»-ասաց նա:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։