2018թ. ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը. կառավարությունը հաստատեց նախագիծը

Այսօր կառավարության նիստին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ «Ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի Վիեննայի կոնվենցիային համապատասխան երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ-ում սահմանված է աջակողմյան ճանապարհային երթևեկություն:

Նա նշեց, որ ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները սահմանված են ձախակողմյան ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների երթևեկությանը համապատասխան, ինչպես նաև մյուս բոլոր տեխնիկական միջոցները, ճանապարհային նշանները, գծանշումները, լուսացույցները տեղակայված են՝ հաշվի առնելով ձախակողմյան ղեկային կառավարման տրանսպորտային միջոցի վարորդի համար տեսանելի և ընկալելի լինելու հանգամանքը։

«Հետևաբար, աջակողմյան ղեկային կառավարման տրանսպորտային միջոցների երթևեկությունը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության համար: Պարունակում է ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման ռիսկեր»,-ասաց Վահան Մարտիրոսյանը, ասաց նա և նշեց, որ նախատեսվում է արգելել աջ ղեկով տրանսպորտային միջոցների հաշվառումը և շահագործումը 2018 թվականի ապրիլի 1-ից:

Նա հստակեցրեց, որ նշված սահմանափակումը չի տարածվելու մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի ու սեփականության վրա:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով վարում էր այսօր կառավարության նիստը, հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ տրված լուծումներով որևէ քաղաքացի, որ այժմ ունի աջ ղեկով մեքենա, որևէ սահմանափակման չի ենթարկվում: Նախարարը պարզաբանեց, որ մինչև ապրիլի մեկը ներմուծված մեքենաները կարող են շահագործվել, այսինքն՝ նրանք ովքեր պատվիրել են և օրինակ՝ եկող շաբաթ մեքենան ստանալու են, նրանք ևս ոչ մի խոչընդոտ չունեն, այսինքն՝ մինչև ապրիլի մեկը կարող են ներմուծել:

«Կա՞ վիճակագրություն ու խնդիրներ իրականում առաջացե՞լ են, թե՞ խնդիրները տեսական են»,-ասաց փոխվարչապետը հղում կատարելով մամուլի հրապարակումներին:

Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, որ նախ մտահոգություններ կան օրենքից ելնելով, բացի դրանից, ըստ ոստիկանության ու ապահովագրական ընկերությունների տվյալների՝ վթարների քանակը տոկոսային հարաբերությամբ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ մոտ 28 տոկոսով ավելի է:

Այսպիսով` Կառավարությունը հաստատեց նախագիծը, բայց Վաչե Գաբրիելյանը կոչ արեց ամբողջականացնել նախաձեռնությունը՝ օրենսդրական սահմանափակումներ մտցնել ներմուծման վերաբերյալ:

«Խնդրում եմ պատրաստել համապատասխան օրինագիծ և ներկայացնել կառավարությանը եկող շաբաթ, որպեսզի անհետաձգելի կարգով ուղարկենք Ազգային ժողով»,-ասաց նա:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։