Արա Բաբլոյանը մասնակցել է «Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի բացմանը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հետ մասնակցել է «Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի բացմանը:

Նախագիծն իրականացվել է հայ-շվեյցարական համատեղ ջանքերով. ներդրում է ունեցել նաեւ գերմանական կողմը:

Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարանների նախագահները շրջել են նորաբաց արտադրամասի տարածքում, ծանոթացել աշխատանքային գործընթացին ու պայմաններին:

ՀՀ ԱԺ նախագահը, շնորհավորելով հայ-շվեյցարական հերթական հաջողված նախագծի առթիվ, նշել է, որ միջոցառումը երկու երկրների զարգացող հարաբերությունների, գործարար կապերի աշխուժացման եւս մեկ խոսուն արտահայտությունն է:

«Շվեյցարացի գործընկերների մասնակցությունը Հայաստանի տնտեսական կյանքին վկայում է, որ մեր երկրում բարենպաստ պայմաններ կան գործարարությամբ զբաղվելու եւ բիզնես-ծրագրեր իրականացնելու համար»,-ասել է Արա Բաբլոյանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս ձեռնարկը ներդրումների ներգրավման եւ մեր տնտեսության զարգացման համար նոր ազդակ կհանդիսանա: Արա Բաբլոյանի խոսքով՝ Երեւանում կազմակերպված հայ-շվեյցարական գործարար համաժողովը լավ հիմք կստեղծի հետագա համագործակցության համար:

ՀՀ ԱԺ նախագահը, շնորհավորելով «Ավանի աղի կոմբինատ»-ի ղեկավարությանն ու աշխատակիցներին ձեռնարկության վերազինման ու արդիականացման առթիվ, վստահություն է հայտնել, որ այն հնարավորություն կտա ավելի բարձրացնել արտադրանքի որակն ու մրցունակությունը` ապահովելով արտահանման ծավալների աճ:

«Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի կառուցման ընթացքում աշխատանքային պարտականություններն ու առաջադրանքները գերազանց կատարելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհակալագրեր է հանձնել Հարստացուցիչ ֆաբրիկայի գլխավոր մեխանիկ Ադիկ Այդինյանին եւ «Մարմոնտաժ» կազմակերպության եռակցող Հովակիմ Հախվերդյանին:

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահն իր եւ պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել հայ-շվեյցարական համատեղ ծրագրի իրականացման առնչությամբ՝ կարեւորելով Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության ու Առեւտրային պալատի առկայության անհրաժեշտությունը: Դոմինիկ դը Բյումանը հիշեցրել է, որ լրանում է Շվեյցարիայի կողմից Հայաստան բերված առաջին օգնության երեսուն տարին:

«Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի բացման հանդիսավոր արարողությունից հետո Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը մասնակցել է Երեւանում կազմակերպված Հայաստան-Շվեյցարիա գործարար հանդիպմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։