ՀՀ-ում ընտանիքների 25%-ը պետական նպաստներով է ապրում, գնաճը մեղմելու համար հարկավոր է նպաստները և թոշակները բարձրացնել. Ա. Ադիբեկյան

Հայաստանը Սահմանադրությամբ սոցիալական պետություն է, ինչը նշանակում է, որ պետությունը պարտավորություն ունի ապահովել նվազագույն սոցիալական պայմաններ քաղաքացու համար, որպեսզի նա դրսում չհայտնվի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա, խոսելով գնաճի մասին, նշեց, թե գների բարձրացումը եղանակի նման մի բան է:

«Կարող է ձմեռը ձյուն գալ, կարող է նաև չգալ, նույնն էլ գների տատանումն է, քանի որ եթե միջազգային շուկայում գների տատանում է լինում, մենք չենք կարող դրանից խուսափել: 2007-2009 թթ.-երին ՀՀ-ուն կարողացանք ճգնաժամը մեղմացնել, ինչը նշանակում է, որ մենք միջազգային շուկաների հետ լուրջ կապված չէինք»,- ասաց Ադիբեկյանը:

Ադիբեկյանը նկատեց, որ պետության՝ եկամուտ ունենալու ճանապարհներից մեկը պարտք վերցնելն է: Միևնույն ժամանակ նա գտնում, որ պարտքի ավելացումը ՀՀ-ի համար ճանապարհ չէ, քանի որ մենք հասնել ենք կարմիր գծին:

«Եթե մի քիչ էլ վերցնենք, կարող ենք հասնել մի վիճակի, որ որևէ մեկը մեզ պարտք չտա, կարող ենք դեֆոլտ հայտարարել, սակայն սա էլ նշանակում է, որ երկիրը դառնում է 2-րդ կարգի ոչ վստահելի առևտրային գործընկեր»,- նշեց նա:

Վերջինս նկատեց, որ Հայաստանում ընտանիքների 2/3-րդն ապրում է աշխատավարձով՝ պետական կամ մասնավոր ոլորտի աշխատողները։ Պետական աշխատողը միջինում 325 դոլար է ստանում, իսկ մասնավորում՝ 400 դոլար: Նա շեշտեց, որ ՀՀ-ում կա 600 հազար նպաստառու՝ 470 հազարը թոշակառուներ են, 112 հազարը՝ ընտանեկան նպաստ ստացողներ, երեխաների նպաստ էլ ստանում է 12 400 հոգի:

«Նպաստներն են բավականին հետաքրքիր, քանի որ երեխաներինը 18 հազար է, ընտանեկանը 31 հազար է, թոշակառուներինը՝ 47 հազար, այսինքն՝ մոտ 100 դոլար: Հիմա ինչպե՞ս է թոշակառուն այդքան գումարով մեկ ամիս ապրելու, սնվելու, կոմունալ վճարումներ կատարելու, եթե չհաշվենեք նաև այն, որ թոշակառուն իր տարիքում նաև առողջական խնդիրներ ունի ու նաև դեղերի կարիք ունի: Մեր բանկերում ավանդների ընդհանուր գումարը կազմում է մոտավորապես 2 մլրդ 4 հարյուր մլն դոլար: Մեր միջին մեկ ավանդը կազմում է մոտ 1000 դոլար»,- ներկայացրեց Ահարոն Ադիբեկյանը:Սոցիոլոգը խոսեց նաև աղքատների ու հարուստների հարաբերակցության մասին և տեղեկացրեց, որ ՀՀ-ում 3 հարուստին 7 աղքատ է բաժին հասնում: Նրա գնահատմամբ, եթե հարուստին 0 աղքատ հասներ, ապա ՀՀ-ում կլիներ սոցիալիզմ, եթե լիներ 1, ապա դա կլիներ ճորտատիրական հասարակություն: Նա շեշտեց, որ ՀՀ-ում մեկ շնչին հասնող միջին եկամուտը, ըստ ԱՎԾ-ի տվյալների, 56 հազար դրամ է, սակայն, իր հաշվարկներով, ԱՎԾ ներկայացրած թվերից 20 դոլար պակաս է միջին եկամուտը:

«Գների բարձրացումը նախ հարվածում է միայնակ թոշակառուներին, միայնակ մայրերի ընտանիքներին, որոնք հիմնականում ապրում են նպաստներով: Մեր տվյալներով՝ ընտանիքների 25 տոկոսը պետական նպաստներով է ապրում, եթե պետությունն ուզում է մեղմացնել գնաճի ազդեցությունը, ապա նպաստները պետք բարձրացնի: Թե որքա՞ն կարելի է բարձրացնել՝ պետք է հաշվարկել, սակայն որտեղի՞ց այդ գումարները՝ մեծ հարցական է պետական այրերի համար»,- նշեց նա՝ հավելելով, որ գնաճի ազդեցությունը մեղմելու 2 ճանապարհ կա՝ նպաստների, թոշակների բարձրացում, աշխատատեղերի ստեղծում:

Ինչ վերաբերում է «Ելք»-ի կողմից գնաճի հետ կապված ցույցերին, Ադիբեկյան ասաց, թե փողոց դուրս գալ ու պետությանը հորդորել, որ օգնի, կարող է անել քաղաքացին, իսկ քաղաքական ուժի գործողությունները պետք է այլ լինեն:

«Դուրս են գալիս փողոց ու ասում են պետությանը՝ օգնի, բայց քաղաքական ուժը պետք է ցույց տա այն ճանապարհը, միջոցը, որը իշխանությունները չեն օգտագործել կամ անտեսել են: Պարզապես գնալ ասել, որ ուզում են՝ ճանապարհ չէ: Քաղաքական ուժը պետք է նշի ճանապարհը, միջոցները, քանի որ շուկայական դեմոկրատիայի պայմաններում մենք բոլորս պատասխանատու ենք ստեղծված իրավիճակի համար»,-շեշտեց սոցիոլոգը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։