Վարչական դատարանը պետք է հիմնավորի` ինչու թույլ չի տալիս լուսաբանել նիստը, եթե դատավարության մասնակից անձը դրան համաձայն է. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ-ում քննարկման ներկայացվեց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել վարչական գործերով դատական նիստերի տեսա և լուսանկարահանումը և լրագրողներին թույլատրել լուսաբանել դատական նիստը՝ դատավարության մասնակից երկու կողմերի թույլտվությունն ունենալու դեպքում։

ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ հարցով հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ գործող օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն՝ դատական նիստի լուսաբանումը հնարավոր է դառնում, երբ կողմերից մեկը միջնորդում է լրագրողին թույլատրել լուսաբանել դատավարությունը։ «Ստեղծվում էր իրավիճակ, երբ լրագրողը դատավարության մասնակիցներից մեկի կողմում էր հայտնվում, և կասկածի տակ էր դրվում նրա անաչառությունը։ Այս նախագծի ներկայացման ազդակները լրագրողական համայնքից են եկել», — նշեց Հովհաննիսյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ այսօր նման կարգավորում գործում է քաղաքացիական դատավարության օրենսգրքում և պրակտիկորեն կարող է կիրառվել նաև վարչական դատավարության դեպքում։

Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ ի տարբերություն քաղաքացիականի՝ վարչական դատավարության մասնակիցներից մեկը պետական մարմինն է, ու եթե քաղաքացիական դատավարության ժամանակ հարցը կարող է վերաբերել, օրինակ, սեփականության շուրջ ծագած վեճին, ու կողմերից մեկը կարող է պարզապես ասել, որ դեմ է նիստի լուսաբանմանը, ապա դատարանը կհամաձայնի արգելել լուսաբանումը, իսկ վարչականի դեպքում դա բավարար հիմք չի լինի դատական նիստերի լուսաբանման համար։ «Վարչական դատավարության դեպքում այս նախագծով առաջարկվում է վարչական մարմնի վրա դնել լրացուցիչ բեռ՝ վարչական դատարանը պետք է հիմնավորի, թե ինչու է անհամաձայնություն տալիս լուսաբանմանը, եթե դատավարության մասնակից ֆիզիկական կամ իրավաբանական անձը դրան համաձայն է, որովհետև վարչական մարմինը չի կարող ասել՝ ես մի փոքր նյարդային եմ, տրամադրությունս լավ չէ, անձնական կյանքիս վերաբերող հարց է, հետևաբար՝ ուզում եմ՝ լուսանկարահանում չլինի», — նշեց ԱԺ փոխխոսնակը։