«Շշի Մելոն» կտրվե՞լ է իրականությունից

«Անփոխարինելի մարդիկ չկան, բայց Սերժ Սարգսյանը հրաշալի ղեկավար է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը, նույն ինքը՝ «Շշի Մելոն»` նշելով, որ ինքը կողմ է, որ Սերժ Սարգսյանը շարունակի ղեկավարել երկիրը վարչապետի պաշտոնում: Կասկած անգամ չկա, որ «Շշի Մելոն» պահը բաց չի թողել արտահայտելու իր «հեղինակավոր» կարծիքը, իսկ այն, որ կարծիքը միայն իրենն է՝ ինքնին հասկանալի է. պատգամավորը չունի այն կալիբրը, որ հանդես գա քաղաքական ուժի անունից:
Մանուկյանի մյուս շռնդալից բացահայտումը վերաբերում էր Հարկային օրենսգրքին: Անդրադառնալով վերջին շրջանում ապրանքների թանկացմանը` նա նշեց, որ դա մարդկանց քմահաճույքի հետևանք չէ, «աշխարհաքաղաքական» հարցեր կան: Դիտարկմանը` գործարարությամբ զբաղվող մարդ է, և հարցին` Հարկային օրենսգիրքը հնարավորություն տալի՞ս է, որպեսզի մանր ու միջին բիզնեսը զարգանա, որպեսզի տնտեսությունն էլ զարգանա, Մանուկյանն արձագանքեց. «Բայց ի՞նչ ա արել, որ. հակառակն ա արել, որ չի թողնում զարգանա: Յուրաքանչյուր մարդ ինքն ա սկսում իրա բիզնեսը, ինքը պետք ա զարգացնի, հարմարվի իրավիճակի հետ և առաջ գնա: Նենց չի, որ պետք է մեկը նստի, ասի` հարկային օրենքը վատ ա, ես վատ եմ ապրում, իմ փորձից եմ ասում»:
Այս խնդիրն էլ իր հերթին թարմություն է հաղորդում մեկ այլ` ոչ պակաս կարևոր հիմնախնդիր. պատգամավորն ինչո՞ւ պիտի զբաղվի բիզնեսով, եթե այդ հարցն օրենքով կարգավորվում ու սահմանափակվում է: Բայց, քանի որ նշված հարցն այն հարցերի թվում է, որոնք երբեք օրինականության դաշտ չեն վերադարձվի, ուրեմն հասարակության համար էլ առանձնապես մեծ վիշտ չի լինելու, եթե Մելիք Մանուկյանի գլխին փշրվեն հանրապետությունում առկա բոլոր ապակե շշերը: Անգամ ծիծաղելի է, երբ գնաճից և Հարկային օրենսգրքից խոսում է մեկը, ով ԱԺ-ում մասնակցել է 264 քվեարկության, որից 100-ին ընդհանրապես հարկ չի համարել քվեարկել: Աչքի է ընկել բուռն օրենսդրական գործունեությամբ, այժմ էլ իրեն իրավունք է վերապահում հայտարարել, որ ոչ մի խնդիր էլ չկա, մենք ենք «ճանճից փիղ սարքում», իսկ գնաճի մեղավորներին պետք է փնտրել դրսում: Մնում է հուսալ, որ «Շշի Մելոն» ջհուդամասոնականներին նկատի չուներ: Կամ գուցե նա պարզապես անտեղյա՞կ է հանրապետությունում առկա իրավիճակից, քանի որ միակ բանը, որը կարող է հետաքրքել՝  շշալցված շշերի քանա՞կն է: