Նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով չօգտագործվող գույքը տրամադրել նույնիսկ անհատույց. վարչապետի հանձնարարականը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության հերթական նիստին իր հանձնարարականների շրջանակում նշեց, որ Պետական գույքի կառավարման վարչության կողմից արձանագրվել են պետական մարմիններին, պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին ամրացված մի շարք անշարժ գույքեր, որոնք փաստացի չեն օգտագործվում կամ օգտագործվում են ոչ արդյունավետ, ոչ մասնակի և միաժամանակ այդ գույքերի սպասարկման և պահպանման ծախսերը հիմնականում իրականացվում են պետական բյուջեի միջոցներով:

«Այդ իսկ պատճառով նման տեսակի գույքերը ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով հարկավոր է օգտագործման տրամադրել նույնիսկ անհատույց կամ նախաձեռնել դրանց օտարման գործընթացը»,-ասաց նա:

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, ինչպես նաև մարզպետներին և Երևանի քաղաքապետին առաջարկեց մեկամսյա ժամկետում գույքագրել և պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել պետական, համայնքային, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների ենթակայության պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին օգտագործման իրավունքով ամրացված այն անշարժ գույքի ցանկերը, որոնք մինչ օրս չեն օգտագործվում կամ օգտագործվում են ոչ լիարժեք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։