Արմեն Սարգսյանի հանդիպումը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամվորների հետ

Փետրվարի 10-ի երեկոյան կայացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամվորների հետ, այս մասին Tert.am-ին հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր,  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նա նշեց, որ հանդիպումը տևել է մոտ երկու ժամ և բավականին ակտիվ քննարկում է տեղի ունեցել: Պատգամավորները տարբեր հարցեր են ուղղել Արմեն Սարգսյանին:

«Պատգամավորները բարձրաձայնել են ինչպես այսօր մեր ներքաղաքական օրակարգում ծառացած բազմաթիվ խնդիրների, այնպես էլ սոցիալական, տնտեսական վիճակին վերաբերող բազմաթիվ հարցադրումներով են հանդես եկել: Ճշտել են նախագահի թեկնածուի տեսլականը երկրում առկա բազմաթիվ խնդիրների լուծման հետ կապված»,-ասաց Տոնոյանը:

Հարցին, թե արդյոք «Ծառուկյան» խմբակցությունում արդեն հստակ է դիրքորոշումը, թե ինչպես են քվեարկելու ՀՀ նախագահի թեկնածուի օգտին, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ վերջնական որոշում առայժմ չկա:

«Առաջիկա օրերին տեղի է ունենալու նաև Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Արմեն Սարգսյանի հետ, որից հետո արդեն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի կունենա խմբակցության նիստ, քաղխորհրդի նիստ, որի ժամանակ վերջնական որոշում կկայացվի»,-ասաց Տոնոյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։