Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրների լուծման համար հանձնարարական տվեց:
«Սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության ու արդարության ապահովման գործընթացում կարևոր դերակատարություն ունեն բժշկական, սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովը: Չնայած նախկինում ձեռնարկած որոշ միջոցներին` ներկայումս գործող կարգավորումները , ինչպես նաև նշված հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար է»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ հանձնաժողովների գործունեության մեջ նվազագույնի հասցված չեն սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը: «Հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ ու կանխատեսելի չէ, լիարժեք չէ հաշմանդամության գործընթացի կազմակերպման ու մոնիթորինգային համակարգը»,-ասաց նա:
Այսպիսով՝ Կարեն Կարապետյանն աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակապես փոփոխմանն ուղղված առաջարկություններ` հստակ անդրադարձ կատարելով փորձաքննությունների կազմակերպման ընթացակարգերի, մոնիթորինգային համակարգի ու բժիշկ-փորձագետին ներկայացվող պահանջների վերանայման ոլորտային պատասխանատվության շրջանակի հստակեցմանը, ինչպես նաև գործընթացի թվայնացման ու էլեկտրոնային առողջապահության համակարգին համակցման հարցերին:
«Նախնական մենք քննարկել ենք սա սոցապնախարարի ու առողջապահության նախարարի հետ և այն ուրվագիծը, որ իրենք առաջարկում են, սկզբունքորեն, որակապես փոխելու է այդ ոլորտը, այնպես որ, մեկ ամսվա ժամկետում, վստահ եմ, որ կստանանք նոր խաղի կանոններ»,-ասաց վարչապետը: