«ՎՏԲ-Հայաստան» բանկից հափշտակվել է շուրջ 8,5 մլն դրամի տարբեր արտարժույթի գումար. ավազակային հարձակման դեպքով քրգործ է հարուցվել. ՔԿ (տեսանյութ, լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտե լրատվական ծառայությունից։

Նախնական տվյալներով՝ փետրվարի 19-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, զինված երկու անձ մուտք է գործել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ 4 մասնաճյուղ և աշխատակիցների կյանքի և առողջության  համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ ավազակային հարձակմամբ, հափշտակել առանձնապես խոշոր չափի գումար։  Պատճառված վնասի չափը հստակեցվում է. ըստ նախնական հաշվարկների՝ հափշտակվել է շուրջ 8,5 մլն դրամի տարբեր արտարժույթի գումար։

Դեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ստեղծվել քննչական խումբ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել մասնաճյուղի տարածքում գործող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։

ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրեն ավելի ուշ։

18.03

«ՎՏԲ-Հայաստան» բանկի Բաղրամյան մասնաճյուղի կառավարիչը հորդորեց տեղում աշխատող լրագրողներին այլևս նկարահանում չիրականացնել, քանի որ որևէ նորություն չկա:Դիտարկմանը, թե վարկած կա, որ բանկի աշխատակիցներն են կազմակերպել բանկի վրա հարձակումը, բանկի կառավարիչն ասաց, թե դա զուտ վարկած է:

Ինչ վերաբերում է ականատեսների պատմածներին, «ՎՏԲ-Հայաստան» բանկի Բաղրամյան մասնաճյուղի կառավարիչն ասաց.«Որևէ մանրամասնություններ դեռևս չկան, որևէ բան պարզաբանված չէ, հետևաբար, չեմ կարող որևէ բան ասել»:

18.00

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արտակ Պողոսյան լրագրողներին ասել է, որ այսօր՝ 15:30-ի սահմաններում, երկու մարդ «ՎՏԲ-Հայաստան» բանկի Բաղրամյան մասնաճյուղի բռնություն գործադրելու սպառնալիքով ներխուժել են բանկ:  Նա նաև տեղեկացրել է, որ տուժածներ չկան, թեև  հարձակման ժամանակ ներսում մարդիկ են եղել:

Արտակ Պողոսյանը հափշտակած գումարի չափի մասին հստակ տեղեկություններ չտրամադրեց՝ պատճառաբանելով, թե այս պահին բանկի աշխատակիցներն այդ հարցն են ուսումնասիրում: