Սերժ Սարգսյանը կանանց տոնի կապակցությամբ պարգևատրել է արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց

Կանանց տոնի նախօրեին Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հյուրընկալել են տարբեր բնագավառներում ներդրում ունեցած, իրենց արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց, ինչպես նաև բազմազավակ ծնողների:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին և ի դեմս նրանց՝ հանրապետության բոլոր կանանց գալիք տոնի առթիվ:

Նախագահը նաև պետական բարձր պարգևներով խրախուսել է նստավայրում հյուրընկալված կանանց, իսկ բազմազավակ ծնողներին՝ ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, զավակների ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար Ծնողական փառքի մեդալով պարգևատրելուց բացի, խրախուսել է դրամական պարգևով:

«Սիրելի՛ պարգևատրվածներ,
Սիրելի՛ տիկնայք,

Որևէ հասարակության ժամանակակից և կայացած լինելու մասին հնարավոր է խոսել դրանում կանանց ունեցած դերակատարության համատեքստում: Եթե տվյալ հասարակության մեջ կանայք լուրջ դերակատարներ չեն, ապա այդ հասարակությունը երբեք չի կարող կոչվել արդի, ժամանակակից:

Մեր անցած պատմական ճանապարհը և հենց այդ պատմական փորձը մեզ հուշում են, պարտադրում են, որ այսօր էլ կանայք էական դերակատարություն ունենան: Մեր հասարակության մեջ նրանք ունեն այդ դերակատարությունը: Իհարկե, կցանկանայի ասել՝ լայն դերակատարություն, լայն ներգրավվածություն ունեն, բայց այդ աշխատանքը մեր ապագա աշխատանքների մի մասն է:

Ես խորապես համոզված եմ, որ ամեն տարի, ամեն ընտրություններից հետո՝ լինեն դրանք տեղական ինքնակառավարման մարմինների, թե համապետական ընտրություններ, կանայք ամեն անգամ և՛ ակտիվորեն պետք է մասնակցեն, և՛ նրանց դերակատարությունը, անշուշտ, պետք է ավելանա: Բայց այստեղ մի հանգամանք կա՝ կանայք դա պետք է ցանկանան: Շատ դեպքերում կանայք չեն ցանկանում հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվել: Դա, միգուցե, ողջ հասարակության մեղքն է, միգուցե տղամարդկանց խնդիրն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։