Մահից հետո մարդուն մկրտելը մորմոններին է հատուկ, ո՞նց կարող էի ես, հայ եկեղեցու վարդապետ լինելով, նման բան գրել. Տեր Զաքարիա

Նման բան չի կարող պատահել, որ մահից հետո որևէ մեկին մկրտեն նշեց  Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ հերքելով այն տեղեկությունը, թե ինքն իր «Երկու հարյուր հարց մկրտության մասին» գրքում գրել է, որ մարդն անգամ կարող է մկրտվել մահվանից հետո, եթե կենդանության օրոք դեմ չի եղել մկրտվելուն, սակայն ինչ-ինչ պատճառով չի կարողացել:

«Մահից հետո մեկին մկրտելը մորմոններին է հատուկ, ո՞նց կարող էի ես, հայ եկեղեցու վարդապետ լինելով, նման բան գրել»,- ասաց նա՝ նշելով, թե չի կարող ասել, թե ինչու են նման կերպ մեկնաբանել իր գրածը` գիտակցաբար, թե առանց գիտակցելու:

Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, թե իրենց տեղեկություններով` առաջիկայում տեղի կունենա Գերագույն հոգևոր խորհրդի նիստ, որի ժամանակ  քննարկվելու է նաև հակառակորդի գնդակից զոհված Գրիգոր Եղոյանի հոգեհանգիստն Ախուրյանի եկեղեցում թույլ չտալու հարցը, և քննարկվելու է ընդհանրապես մոտեցումը, թե նման դեպքերում ինչպես պետք է վարվել:

Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, թե իրենց տեղեկություններով` առաջիկայում տեղի կունենա Գերագույն հոգևոր խորհրդի նիստ, որի ժամանակ  քննարկվելու է նաև հակառակորդի գնդակից զոհված Գրիգոր Եղոյանի հոգեհանգիստն Ախուրյանի եկեղեցում թույլ չտալու հարցը, և քննարկվելու է ընդհանրապես մոտեցումը, թե նման դեպքերում ինչպես պետք է վարվել:

 Թերթը հավելել էր, որ հայր Զաքարիայի «Երկու հարյուր հարց մկրտության մասին» գրքում ասվում է, որ մարդը կարող է մկրտվել անգամ մահվանից հետո, եթե կենդանության օրոք դեմ չի եղել մկրտվելուն, սակայն ինչ-ինչ պատճառով չի կարողացել:

Տեր Զաքարիան իր ֆեյսբուքյան էջում ամբողջությամբ հղում էր կատարել իր աշխատության 9-րդ հարցը և նշել՝ «ինչպես հստակ երևում է, որևէ խոսք չկա մահից հետո մկրտվելու մասին, ինչը հակառակ է ուղղափառ վարդապետությանը»:

Նա, մասնավորապես, գրել էր. «Հարց. «Որոնք են ըղձից և արյան Մկրտությունները»: Պատասխան. «Բացի ջրի Մկրտությունից, ուղղափառ աստվածաբանության մեջ խոսվում է նաև ըղձից և արյան Մկրտությունների մասին: Ըղձից Մկրտությունն է, երբ մեկը մկրտվելու մեծ փափագ ունի, բայց իր կամքից անկախ և հանգամանքների բերումով, մահանում է: Եկեղեցին հավատում է, որ նմանատիպ մարդիկ նույնպես փրկություն ունեն. «Ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի» (Հռոմ. 10. 13): Մեր հոգևոր փորձառության ընթացքում հանդիպել ենք նման դեպքի, երբ մեծահասակ մի անձնավորություն սրտանց ցանկանում էր մկրտվել և երեխայից պատրաստության շրջան էր անցնում բայց հանկարծամահ եղավ Նարեկն ընթերցելիս: Իսկ արյան Մկրտությամբ մկրտվում են մարտիրոսները, ովքեր իրենց կյանքն են զոհում ու արյունը թափում հանուն Հիսուսի և իրենց հավատքի. «Ով իր անձն Ինձ համար կորցրեց, այն կգտնի» (Մատթ. 10. 39): Այս մասին պարզորոշ խոսում է Ս. Կյուրեղ Երուսաղեմացին «Կոչումն ընծայութեան» երկում: Մեկը կարող է մկրտվելու ջերմ ցանկություն ունենալ, բայց զոհվել մարտի դաշտում իր սրբությունները պաշտպանելիս: Մեր օրերում նույնպես քիչ չեն նմանատիպ դեպքերը: Այսօր քաղաքակիրթ 21-րդ դարում Մերձավոր Արևելքում՝ բոլորի աչքի առաջ, մեր բազում քույրեր և եղբայրներ նահատակվում են հենց քրիստոնյա լինելու պատճառով»:Ինչ վերաբերում է առաջիկայում Գերագույն հոգևոր խորհրդի նիստին և հարցի հնարավոր քննարկմանը, ապա Հայր Զաքարիան նշեց, որ մյուս հարցերը պետք է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ Մելիքյանին:

Տեր Վահրամի հետ, սակայն, կապ հաստատել չհաջողվեց: Հարցի առնչությամբ փորձեցինք կապ հաստատել նաև Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանի հետ, ով ևս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: