«Անիծված» պաշտոնը. հերթական մարդն ազատվեց

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնը կարծես անիծված լինի, այն զբաղեցնողը որոշ ժամանակ անց ստիպված է լինում հեռանալ: 2015թ. հուլիսի 1-ին Հ. Աբովյանը որոշել է մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնից ազատել Կարինե Դովլաթբեկյանին: Վերջինս Տավուշի այդ վարչության պետի պաշտոնը զբաղեցրել է 17 տարի` 1998 թվականից: Մարզպետը որպես իր որոշման համար հիմք նշել է աշխատանքից ազատվելու վերաբերյալ Կ. Դովլաթբեկյանի դիմումը: Մարզպետի որոշմամբ մինչեւ մրցույթի արդյունքում հաղթող մասնակցի կողմից մարզպետարանի նշված վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելը նշված վարչության պետի պարտականությունները դրվել են նույն վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանի վրա: Նարեկ Վանեսյանը, որ Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն էր ընտրվել 2015թ. մայիսին, մարզպետի որոշմամբ նույն տարվա հոկտեմբերին նշանակվեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ: 2 ամիս անց` 2015թ. դեկտեմբերի 30-ին, մարզպետ Աբովյանը որոշեց նրան ազատել նշված վարչության պետի պաշտոնից: Որոշման մեջ նշված է, որ դրա համար հիմք է հանդիսացել Ն. Վանեսյանի անձնական դիմումը: 2016թ. հունվարի 25-ին Հ. Աբովյանի որոշմամբ Լեւոն Վանցյանը նշանակվել է մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, 2016թ. հունիսի 13-ին նա նշանակվել է այդ վարչության պետ: Մեկ տարի անց` 2017թ. հուլիսի 25-ին, Հ. Աբովյանը որոշել է Լ. Վանցյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: Որպես մարզպետի որոշման հիմք նշված է Վանցյանի անձնական դիմումը: 2017թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններում Լ. Վանցյանը Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում ՀՅԴ կուսակցությունից տարածքային թեկնածու էր: 2017թ. օգոստոսի 1-ին մարզպետը որոշել է մինչեւ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից մարզպետարանի նշված վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելը վարչության պետի պարտականությունները դնել այդ վարչության գլխավոր մասնագետ Սամվել Քամալյանի վրա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Քամալյանը տեղեկացրեց, որ ինքը այդ պարտականությունները կատարել է մինչեւ այս տարվա փետրվարի սկիզբը, այժմ այդ պաշտոնը նորից թափուր է: Ս. Քամալյանը հայտնեց, որ այդ վարչության պետի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը կկայանա մարտի կեսին: