Վիգեն Սարգսյանի առաջին լուրջ սայթաքումը

ՀՀ պաշտպանության նախարարությունը օրենսդրական նախագիծ է մշակել, որի ընդունման պարագայում «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայության մեկնած քաղաքացիների հաշիվների վրա ոչ մի դեպքում ԴԱՀԿ-ն կալանք չի դնի: Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Այն դեռ պետք է հաստատի կառավարությունը, որից հետո ընդունվի ԱԺ-ի կողմից, որպեսզի ծրագիրը կյանքի կոչվի:«Ես եմ» ծրագիրն այս տարի առաջին անգամ փորձնական է ներդրվել։ Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին նախատեսվում է փոխանցել 5 միլիոն դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում` մատչելի բնակարան, մինի ֆերմա և ուսման վարձի փոխհատուցում: Յուրաքանչյուր ամիս` արձակուրդ գնալիս, զինվորը կստանա արձակուրդային գումար` 35 հազար դրամ ճանապարհածախսի և այդ մեկ շաբաթվա ծախսերը հոգալու համար: Սակայն, քանի որ առաջարկվող օրենքի նախագիծը չի ունենալու հետադարձ ուժ, ստացվում է, որ մինչև օրենքի ընդունումը այս ծրագրով ծառայության անցած  զինվորների և նրանց ընտանիքների գույքի վրա ԴԱՀԿ-ն կարողանալու է բռնագանձում կիրառել: ՊՆ գնում է օրենսդրական նման փոփոխությունների, քանի որ մամուլում առկա հրապարակումները բացահայտել են ծրագրի շահառուների հետ կապված գերատեսչության իրական նպատակները Անցյալ տարին նշանավորվեց մի նոր բառակապակցությամբ, որն անդընդհատ լսում էինք իշխանության ներկայացուցիչների ելույթներում, ԶԼՄ-երի հրապարակումներում, սոցիալական ցանցերի օգտատարերի բանավեճերում։ Խոսքն «ազգ-բանակ» բառակապակցության մասին է։ Սակայն, որքան էլ այդ բառակապակցութունը հաճախ է օգտագործվում, հանրությունն առայժմ չի տեսել «Ազգ-բանակի» հայեցակարգը։ Այնպես որ, դժվար է գնահատել, թե ինչ սկզբունքների վրա է այն հիմնված և ինչ քայլերի հերթականություն է ենթադրում։ Կան առանձին նախաձեռնություններ, ինչպես, օրինակ, «Պատիվ ունեմ» կամ «Ես եմ» ծրագրերը, որոնք կարող են ի վերջո դրական արդյունք տալ։ Սակայն, ամբողջական պատկերացում «Ազգ-բանակի» ռազմավարության մասին հանրությունը չունի, և բացառված չէ, որ նման ռազմավարություն պարզապես գոյություն չունի։ Վերջին դեպքերը պարզապես վեր են հանում Վիգեն Սարգսյանի ռազմավարության խոցելիությունը՝ առանձին ասպեկտներում:

Հաշվի առնելով Հայաստանի քաղաքական համակարգի առանձնահատկությունները, դժվար է պատկերացնել, որ իշխանությունը, ի դեմ Վիգեն Սարգսյանի, կգնար հասարակ քաղաքացիներին զինելու ճանապարհով, անգամ եթե դա թույլ տար բարձրացնել երկրի պաշտպանունակությունը։ Չէ՞ որ քաղաքացիներին զինելու հետևանքներն իր իսկ՝ իշխանության համար կարող էին անկանխատեսելի լինել։ Փոխարենը, ունենք պաշտպանության ոլորտին առնչվող մի քանի նախաձեռնություններ և միլիտարիստական քարոզչության աճ, որոնց համադրումը, հավանաբար, և պետք է համարել «Ազգ-բանակ» ծրագրի հիմնական էությունը։Այս ամենը գուցե և բխում է իշխող վերնախավի շահերից, բայց, ի վերջո, թուլացնում է Հայաստանը, քանի որ նպաստում է հասարակ քաղաքացու և պետականության միջև անջրպետի խորացմանը։ Այս հռետորաբանության երկարաժամկետ հետևանք կարող է լինել նաև բանակի հանդեպ հանրության վստահության անկումը։ Եթե նախկինում բանակը թերևս միակ պետական ինստիտուտն էր, որը հանրային գիտակցության մեջ ինչ-որ չափով անջատված էր իշխանությունից, և իշխանության հանդեպ բացասական վերաբերմունքից զերծ էր մնում, ապա «ազգ-բանակի» հռետորաբանության հետևանքով իշխանությունն ու բանակը սկսում են նույնականացվել։ Իհարկե, իշխանությունը հույս ունի, որ այս ամենի արդյունքում հանրությունն ավելի կառավարելի կդառնա, բայց դրա արդյունքը կարող է լինել միանգամայն այլ․ բանակը կարող է կորցնել վստահության այն պաշարը, որն այսօր դեռևս առկա է։