Նորամարգ համայնքի ղեկավարի թեկնածուն պահանջել է տեղամասերից մեկի արդյունքների վերահաշվարկ

Հայաստանի տարածքում մարտի 11-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո միայն մեկ համայնքից է վերահաշվարկի դիմում ներկայացվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից:

«2018 թվականի մարտի 11-ին հանրապետության 20 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև մարտի 13-ը` ժամը 11.00-ն:

Սահմանված ժամկետում միայն թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովում է ներկայացվել վերահաշվարկ կատարելու դիմում Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի թեկնածուի կողմից, որով պահանջվում է վերահաշվարկել մեկ՝ թիվ 11/6, տեղամասում քվեարկության արդյունքները:

Նշված դիմումը սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվի տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից:

Մյուս համայնքներում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ որևէ դիմում, բողոք չի ներկայացվել»,-տեղեկացնում են ԿԸՀ-ից:

Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Արման Թադևոսյանը: Նորամարգ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էր երեք թեկնածու` ՀՀԿ-ական Արմեն Գևորգյանը, ՀՀԿ-ական Արման Թադևոսյանը և անկուսակցական Արսեն Ղահրամանյանը: Ընդհանուր առմամբ՝ քվեարկությանը մասնակցել է 989 ընտրող, որից 382-ը կողմ է քվեարկել Արմեն Գևորգյանի, 391-ը` Արման Թադևոսյանի, 182-ը` Արսեն Ղահրամանյանի օգտին: ԿԸՀ-ից չեն նշում, թե որ թեկնածուն է բողոքարկել: