Ջիվան Գասպարյան. Դուդուկը տղամարդկային վշտի երաժշտությունն է

Երաժշտական քննադատները հայ երաժիշտ եւ երգահան Ջիվան Գասպարյանին «երաժշտական մշակույթի եզակի երեւույթ, դուդուկի անգերազանցելի վարպետ» են անվանում, ընկերներն ու ծանոթները` ուղղակի քեռի Ջիվան:
Անցած աշնանը նա 85 տարեկան դարձավ: Մոսկվայում կազմակերպված հոբելյանական համերգներին նստած էր նվագում` վերջերս վրաերթի էր ենթարկվել ու ոտքը վնասել: Այդ տարիքում լուրջ բան է, հայտնում է «Комсомольская правда» պարբերականը, որին հաջողվել է հարցազրույց վարել մեծանուն երաժշտի հետ:

Ջիվան Գասպարյանի հետ հարցազրույցը.

«Ամեն մեկն իր բնավորությունն ունի,-ասում է քեռի Ջիվանը,-բայց ես բոլորին էլ սիրում եմ»: Բոլորն էլ նրան են սիրում` հովվի գործիքով նվագը երաժշտին համաշխարհային հռչակ է բերել:
Քեռի Ջիվան, Ձեր համերգին տեսա, թե ինչպես են մարդիկ լուրջ-լուրջ նստած լաց լինում. տարիքն առած տղամարդիկ լսում են դուդուկի ձայնը եւ լալիս: Ինչո՞ւ: Ի՞նչ է անում մարդկանց հետ Ձեր երաժշտությունը:

Գիտե՞ս, դուդուկը տղամարդկային վշտի երաժշտությունն է: Կանանցը` չէ: Կանայք այդպես չեն լալիս: Տղամարդկանց մոտ արցունքները դեմքին չեն հոսում, այլ` հոգու մեջ… Հիշում եմ` մի անգամ ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանը, ինձ լսելով, ասաց. «Ջիվան, դա աղոթք էր, ոչ թե` երաժշտություն»: Մինչեւ հիմա հիշում եմ նրա բառերը: Պետք է լավ նվագել, որ մարդիկ հասկանան` խոսում ես այս փոքրիկ գործիքի հետ: Գործիքն էլ կարող է խոսել: Չէ՞ որ նա էլ ուզում է մի բան ասել…

Իսկ աղո՞թքն ինչի մասին է:

Սիրո, մոր, հայրենիքի… Փակում եմ աչքերս ու նվագում այն, ինչ սրտով եմ տեսնում:

Համբուրվելիս էլ աչքերը փակ են լինում…

Ճիշտ ես ասում: Երաժշտությունը կնոջ հանդեպ սիրո պես մի բան է: Արդեն 85 տարեկան եմ: Քսան հազար համերգ եմ տվել, ավելի քան երկու հազար երգ գրել. տես` ինչ երկար համբույր է ստացվում:
Այս ամենի սկիզբն այնքան վաղուց էր… Մայրս 40 թվականին մահացավ: Հայրս` պատերազմին: Երեք երեխաներով էինք մնացել: Առանց որեւէ բանի: Օրական 300 գրամ հաց էինք ստանում: Սոված էինք, անընդհատ գլխապտույտների մեջ: Բայց դուդուկը բերանիցս չէի հեռացնում: Նվագում էի օրը ութ, ինը, տասը ժամ: Նախ` փողոցում, հետո էլ` ֆաբրիկա-գործարանային ուսանողության ինքնագործունեության բաժնում, երգի ու պարի համույթում: 47-ին թե 48-ին ինձ Բաքվով, Ստալինգրադով Մոսկվա ուղարկեցին` Կրեմլում համերգի: Հետո Ստալինը «Պոբեդա» ժամացույց նվիրեց ինձ: Ճիշտ է` անմիջապես վաճառեցի` ուզում էի ընկերներիս գարեջուր հյուրասիրել: Անդաստիարակ էի, էլի… Բայց երբ Հայաստան վերադարձա, բոլորն արդեն գիտեին` Ստալինը մեջ Ջիվանին ժամացույց է նվիրել… Արդեն թերթերն էին գրում… Ու էդպես էլ ֆիլհարմոնիա ընդունվեցի, սկսեցի աշխատել: Ու սկսվեց, գնաց, գնաց… Աշխարհի տարբեր երկրներում կայացած 25 միջազգային մրցույթների դափնեկիր, տարատեսակ ամերիկյան, եվրոպական մրցանակներ… Շատ ֆիլմերի համար եմ նվագել` ավելի քան քառասուն: Մեծանուն արտիստներից շատերի հետ ընկերություն եմ անում` Սթինգ, Պիտեր Գաբրիել, Ալան Փարսոնս, Լայընել Ռիչի, Ֆիլ Քոլլինզ, Բրայան Մեյ, Բրայան Ինո, Բորիս Գրեբենշիկով… Լավ տղաներ եմ: Սիրում եմ բոլորին:

Post Author: silva

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։