Արարատի մարզում կրքերը չեն հանդարտվում

Արարատի մարզում կրքերը չեն հանդարտվում. մարզի նախկին «նայողները» ոչ մի կերպ չեն մարսում մարզը վերահսկողության տակ պահելու՝ Գրիգորյանների հնարավորությունները: Բանն այն է, որ Գրիգորյանների դեմ «սրբազան պատերազմ» են մղում մարզպետի աթոռի վրա աչք ունեցողները, որոնցից ամեն մեկն ուզում է ինքը լինել «այդ մարզպետունին». Բացի այդ էլ՝ շրջանառվող տեղեկություններ կան, թե թեժ ապրիլին ընդառաջ՝ Հովիկ Աբրահամյանը փորձում է իր որդուն Արարատի մարզպետ դարձնել, այդպիսով՝ մարզը վերցնել իր վերահսկողության տակ:Դժվար չէ կռահել, թե հատկապես ում են ձեռնտու մամուլում նման շահարկումները:Հովիկ Աբրահամյանից զատ,որևէ այլ մեկի համար, Արգամին մարզպետացու դարձնելը կյանքի նպատակ չէ: Դա է պատճառը, որ նախկին վարչապետը իրեն սպասարկող լրատվամիջոցներով անդադար շահարկում է մարզում Գրիգորյանների և Ալիկ Սարգսյանի դեմ կենաց-մահու պայքար մղելու մասին տեղեկությունը: Թե այդ ինչ ռեսուրսներով է քաղաքական կյանքի լուսանցքում հայտնված Աբրահամյանը կենաց-մահու պայքար տալիս՝ դժվար է ասել: Արգամ Աբրահամյանն էլ, ում լոբբինգով զբաղված է հայրը, առանձնահատուկ քաղաքական ակտիվությամբ աչքի չի ընկնում, եթե չասենք՝ քաղաքական խորը նիրհի մեջ է: Եթե առաջ Արգամ Աբրահամյանը Արտաշատում հաճախակի հյուր էր և այցելում էր քաղաք՝ բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով, այսօր անգամ այդ ծրագրերը հետին պլան են մղվել:Հասկանալի է, որ իրականում Հովիկ Աբրահամյանը բնավ էլ չունի այն ամբիցիաները, որոնք այդպես փորձում է ի ցույց դնել: Առավելագույնը, ինչ այս պահին կարող է անել նախկին վարչապետը՝ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելն է, մարզում խաղացողների խաղաքարտերը խառնելու նպատակով: Ակնհայտ է, որ Արարատից դուրս մղված Աբրահամյանը չի կարող այս պահին մտածել ավելիի մասին և վարում է քաղաքականության մեջ, այսպես կոչված, «կրծոտման» մարտավարություն, որի նպատակը գոնե մինիմալ դիվիդենտ հավաքելն է: Աբրահամյանի համար ինչ-որ տեղ ռևանշ կլինի, եթե մարզպետի պաշտոնին հրաժեշտ տա Արամայիս Գրիգորյանը, ով այդքան փութաջանորեն ազատվել և մինչ օրս էլ ազատվում է աբրահամյանական կադրերից, այդպիսով այրելով Աբրահամյանի հետդարձի բոլոր հնարավոր կամուրջները: Իսկ Գրիգորյանի տեղ՝ ով գա՝ գա: Ի դեպ. այս իրավիճակից կարող է առավելագույն օգուտով դուրս գալ մարզի խաղացողներից մյուսը՝ Ալիկ Սարգսյանը, ով հետևողականորեն և սրբորեն պաշտպանում է Սերժ Սարգսյանի գիծը՝ գրեթե ամեն օր նոր ձոն նվիրելով գործող նախագահի վարչապետական ամբիցիաներին՝ հույս ունենալով , որ մարզպետի աթոռն ի վերջո բաժին կհասնի հենց իրեն: