Կոտայքի մարզպետն այցելել է մարզի համայնքներ

ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն աշխատանքային այցով եղել է մարզի Բյուրեղավան և Գառնի համայնքներում:

Կոտայքի մարզպետը մարզպետարանի պաշտոնատար անձանց և Գառնի համայնքի ղեկավար Ա. Սահակյանի ուղեկցությամբ ծանոթացել է տեղում իրականացվող ընթացիկ աշխատանքներին, զբոսաշրջային ենթակառուցվածքների կատարելագործմանն ուղղված նախաձեռնություններին, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ <<Գառնիի առողջության կենտրոն>> ՊՈԱԿ-ի հիմնանորոգումն իրականացրած կազմակերպության պատասխանատուների հետ քննարկել գործընթացի ամփոփիչ հատվածը պատշաճ կազմակերպելուն վերաբերող մի շարք հարցեր:

Մարզի ղեկավարը <<Գառնիի առողջության կենտրոն>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ հանդիպման շրջանակներում քննարկել է առողջապահական ծառայությունների մատուցմանը և հաստատության գործունեությունն արդյունավետ կերպով կազմակերպելուն միտված որոշակի նկատառումներ, որոնց վերաբերյալ կենտրոնի ղեկավարությանը տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ:

Այնուհետև Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Բյուրեղավան համայնքի ղեկավար Հ. Բալասյանի ուղեկցությամբ ծանոթացել է համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին:Մարզպետ Կ. Գուլոյանին ներկայացվել են նաև պետական ֆինանսավորմամբ Բյուրեղավանի մշակույթի կենտրոնում իրականացված շինարարական աշխատանքների արդյունքները և մշակութային օջախի ամբողջական վերանորոգման ուղղությամբ մշակված մոտեցումները:

Ամփոփելով այցելություների արդյունքները՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդգծել է պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի կարևորությունը և փաստել, որ վերջիններս մեծապես նպաստում են համայնքների շարունակական զարգացմանն ու առաջընթացին: