Հարկադիր կատարման ծառայությունն ու Վրաստանի հարկադիր կատարման ազգային բյուրոն ստորագրել են համագործակցության հուշագիր

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը ս/թ մարտի 29-30-ը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Թբիլիսիում: Հարկադիր կատարման ծառայության ճանաչողական այցը Վրաստանի հարկադիր կատարման ազգային բյուրո նպատակ է հետապնդում գործընկեր երկու կառույցների միջև ստեղծել շարունակական համագործակցության անհրաժեշտ նախադրյալներ և նախանշել գործակցության զարգացման հետագա ուղիները:
Վրաստանի հարկադիր կատարման ազգային բյուրոյի նախագահ Իոսեբ Բագատուրիայի հետ հանդիպման ընթացքում Արմեն Հարությունյանն անդրադարձել է հարևան երկրի գործընկեր կառույցի արձանագրած հաջողություններին՝ նշելով, որ դրանք հիանալի նախադրյալ կարող են հանդիսանալ ոչ միայն երկու բարեկամ երկրների հարուստ փորձի փոխանակման, այլև արդեն ձևավորված հարաբերությունները խորացնելու նպատակով:
Կողմերը կարևոր քայլ են կատարել՝ երկու երկրների արդարադատության կառույցների՝ Վրաստանի արդարադատության նախարարության հարկադիր կատարման ազգային բյուրոյի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության համագործակցությունն ամրագրելով պաշտոնապես: Փոխգործակցության հիմքերի ստեղծման, փոխադարձ կապերի ամրապնդման և համատեղ աշխատանքների համակարգման ու իրականացման նպատակով կողմերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Պաշտոնական արարողությունից հետո կողմերը հանդես են եկել հայտարարություններով: Արմեն Հարությունյանն իր խոսքում, մասնավորապես նշել է. «Թույլ տվե՛ք ողջունել մեր երկու կառույցների միջև համագործակցության խորացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման առիթով: Մեր կառույցների միջև առաջին անգամ է կնքվում իրավական ոլորտում փոխգործակցություն սկսելու և ամրապնդելու նման փաստաթուղթ: Հուսով եմ՝ մեր ապագա հանդիպումները կլինեն ակտիվ՝ նպաստելով հարաբերությունների էլ ավելի խորացմանը: Ուրախ ենք գտնվել հարևան և բարեկամ Վրաստանում»:
Հուշագրի ստորագրմամբ Հարկադիր կատարման ծառայությունն ու Վրաստանի հարկադիր կատարման ազգային բյուրոն պարտավորվել են սեղմ ժամկետում ձևավորել աշխատանքային խումբ՝ մշակելով համագործակցության պլան: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև հուշագրի կողմերին հետաքրքրող թեմաների վերաբերյալ մոտ ապագայում կազմակերպել հանդիպում-քննարկում առավել ընդլայնված ձևաչափով՝ ներգրավելով ծառայությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Առաջիկա հանդիպման ընթացքում կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ հարկադիր կատարման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը (էլեկտրոնային աճուրդներ, էլեկտրոնային վճարումներ, էլեկտրոնային վարույթ և այլն), պարտապանի գույքի վրա կիրառվող արգելանքները և բռնագանձումները, ինչպես նաև ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների առանձնահատկությունները (վտարումներ, ալիմենտային պարտավորություններ, երեխայի տեսակցություն և այլն):
Հայկական պատվիրակությունը նաև աշխատանքային այցով եղել է Վրաստանի Հարկադիր կատարման ազգային բյուրոյի Թբիլիսիի բաժանմունքում, ծանոթացել դրա աշխատանքներին և քաղաքացիների սպասարկման պայմաններին:
Աշխատանքային այցի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Արմեն Հարությունյանի հանդիպումը Վրաստանի արդարադատության փոխնախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ, որի ընթացքում կողմերը ևս մեկ անգամ հաստատել են իրավական ոլորտում արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու նպատակահարմարությունը՝ փոխադարձ համաձայնության և գործընկերային հարաբերություններ ձևավորելու համատեքստում: