Ֆրանսիայի հրապարակից երթը մեկնարկեց

15.03

Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց նախատեսված հանրահավաքը: Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Ծաղկաձորում ՀՀ վարչապետի պաշտոնում պաշտոնապես առաջադրվել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Նիկոլ Փաշինյանը խնդրեց բոլոր նրանց, ովքեր ժամը 16։30-ին Ավանի Հարսնաքար ռեստորանի դիմացի մայթից պետք է ավտոերթով մեկնեին դեպի Ծաղկաձոր՝ չգնալ, քանի որ իրենք ավտոերթ կանեն Երևանում: Նա հորդորեց հավաքվել Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկում:

«Մի գաղափար կա, ավտոերթ անել՝ «փնտրում եմ ՀՀԿ-ին» կարգախոսով»,– ասաց նա՝ կոչ անելով ՀՀԿ ներկայացուցիչներին ասել իրենց կոորդինատները, քանի որ ցանկանում ենք շրջափակել նրանց։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ իր հայտարարությանը, որն ըստ նրա՝ հանրության շրջանում լայն արձագանք է գտել:

«Համերաշխության ձեռք եմ մեկնում ՀՀ-ի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին, ովքեր դեմ են Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետին: Հարկ եմ համարում նորից այդ հայտարարության դետալները կրկնել, որովհետև այո՛, հաճախ իրար դեմ ենք խոսել, սուր ենք խոսել, իրար հասցեին վատ արտահայտություններ ենք արել, ներե՛ք այդ ամեն ինչը, ոչ թե հանուն իրար, այլ հանուն այստեղ կանգնած և եկող ժողովրդի»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե կարևորը այս գործընթացում համերաշխություն ապահովելն է: Հանրահավաքի կազմակերպիչն ասաց, որ հիմա երթ կանցկացնեն՝ ցույց տալու միասնությունը, հանրայնացնելու համերաշխությունը:

Ֆրանսիայի հրապարակից երթը մեկնարկեց: Ցուցարարները շարժվեցին Սայաթ-Նովա փողոցով` հայտարարելով, թե ՀՀԿ–ական են փնտրում` շրջափակելու:

Իսկ մինչ այդ Փաշինյանը ասաց, թե հանրահավաք կանցկացնեն Ֆրանսիայի հրապարակում, ժամը 18:30-ին, որի ժամանակ կհնչեն ելույթներ: