Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Ելք» խմբակցության պատգամավորները (թարմացվում է, լուսանկարներ

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրահավաքի անցակցման համար անհրաժեշտ տեխնիկան դժվար է բարձրացնել Բաղրամյան պողոտա:

Փաշինյանի գլխավորությամբ Բաղրամյանի պողոտայում հավաքված ցուցարաները գնում են Ֆրանսիայի հրապարակ: Քիչ հետո հանրահավաքը կսկսվի:

18.51

Քիչ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակից և հայտնեց, որ առայժմ քննարկումը տեղի չի ունեցել՝ դաշինքի մյուս պատգամավորների պայքարին միանալու մասով:

18.37

Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարները Նիկոլ Փաշինյանին առաջարկել են նախկին տեղում՝ Ֆրանսիայի հրապարակում անցկացնել ժամը 19:00-ի հանրահավաքը:

Նիկոլ Փաշինյանն այս հարցով փշալարերից այն կողմ քննարկում իրականացրեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ. «Քանի որ ժողովուրդը ասում է, որ հանրահավաքը նախկին տեղում ավելի հարմար կլինի, ուզում եմ իմանալ, պարո՛ն Օսիպյան, եթե այնտեղ անենք, խոստանո՞ւմ եք, որ առաջ չեք գա, երաշխավորո՞ւմ եք»,- հարցեց Նիկոլ Փաշինյանը, ինչին Վալերի Օսիպյանը դրական պատասխան տվեց:

Քննարկումից հետո Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Բաղրամյան պողոտայում գտնվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակ՝ Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի և «Ելք» խմբակցության մյուս պատգամավորների հետ քննարկումը շարունակելու համար:

18.17

Բաղրամյան պողոտայում հենց փշալարերի դիմաց ժամը 19:00-ին հանրահավաք է տեղի ունենալու: Այս մասին իր ֆեյսբուքի էջի ուղիղ եթերի միջոցով ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ գործընկերների հետ քննարկումից հետո:

Նշենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը, Արամ Սարգսյանը, Սասուն Միքայելյանը մտել են Բաղրամյան պողոտայում գտնվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակ, որտեղ դռնփակ քննարկում էին անցկացնում:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քննարկման ժամանակ չեն անդրադարձել «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների պատգամավորների միանալու հարցին:

17.54

Հոսպիտալացվել է 46 քաղաքացի, այդ թվում՝ 6 ոստիկան, որից մեկը վիրահատվում է. ԱՆ

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 16։30 դրությամբ Երևանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ են։ Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել բուժհաստատությունից:

Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց համար ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։ Ոստիկանների վնասվածքները բութ և կտրող գործիքներով հասցված վնասվածքներ են։