Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իր և Նիկոլ Փաշինյանի միջև նախօրոք պլանավորված հանդիպումը չի կայանա

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իր և Նիկոլ Փաշինյանի միջև նախօրոք պլանավորված հանդիպումը չի կայանա, քանի որ Փաշինյանի կողմից միակողմանի առաջադրվել են նոր պահանջներ՝ մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով:

Կարեն Կարապետյանի հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Ինչպես գիտեք, վաղը պետք է տեղի ունենար իմ և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ փնտրելու համար:

Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ:
Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել:

Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ բանակցությունները չեն կայանա, քանի որ իրենք համաձայն են բանակցել միայն իրենց առաջարկած օրակարգի շուրջ:

«Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք հայտարարվել էին՝ իշխանության խաղաղ փոխանցման օրակարգը, ԱԺ արտահերթ ընտրությունները: ՀՀԿ-ն չի կարող լինել ժամանակավոր կառավարության առաջին դեմքը: Միայն այս օրակարգի շուրջ կարող են լինել բանակցություններ: Որևէ այլ օրակարգ քննարկելի չէ մեզ համար»,- ասել էր Ավինյանը: