«Մեզ նոր կուռքեր պետք չեն, պետք են ռեալ փոփոխություններ»․ ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի՞ նոր իշխանության հետ

«Մենք համաժողովրդական շարժման մաս ենք կազմել առանց որևէ նախապայմանի, որովհետև մենք մեր ժողովրդի հետ  նախապայմանի ոճով չենք խոսում․ ինչ կլինի հետո՝ պարզ կլինի առաջիկա օրերին, բայց մենք պատրաստ ենք աջակցել և այդ աջակցությունը կարող է լինել տարբեր կերպ։ Բնականաբար, կլինեն բանակցություններ և այդ բանակցությունների ընթացքում կորոշվի հետագա համագործակցության ձևաչափը, իսկ այս պահի դրությամբ՝ ես որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել՝ մինչև չլինեն այդ բանակցությունները։ Կարծում եմ, որ այդ  բանակցությունները պետք է լինեն ոչ թե անձերի շուրջ, այլ ՝ սկզբունքների շուրջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս  են  պատկերացնում  հետագա համագործակցությունը  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ձևավորվելիք նոր կառավարության հետ։

Նաիրա Զոհրաբյանը հավելեց նաև․ «Եթե չպետք է լինի իշխանության բովանդակության փոփոխություն, այլ պետք է միայն անձերի, խմբավորումների փոփոխություն լինի, ապա չի բացառվում, որ 6 ամիս կամ մեկ տարի հետո՝ կանգնած լինենք մի այնպիսի խնդրի առջև, որ ստիպված կլինենք ասել՝ ինչո՞ւ այսպես ստացվեց։ Փոփոխություններ պետք է սկսենք յուրաքանչյուրս մեզանից և մեր երկրում արժեքային մտածողության փոփոխություն պետք է տեղի ունենա և ամենակարևորը սա է»։

Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ մեզ նոր կուռքեր պետք չեն, այլ հարկավոր են ռեալ և տեսանելի փոփոխություններ։

«Պետք է սկսել մեր երկրում արդարության վերականգնումից»,-նկատեց պատգամավորը։

Հարցին՝ կոալիցիա կկազմե՞ք ձևավորվող նոր իշխանության հետ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ «Այդ մասով քննարկումներ կլինեն և առաջիկա օրերին ձեզ կտանք այդ հարցի պատասխանը․ ամեն ինչ լինելու է բաց և հրապարակային և մեր ժողովրդի թիկունքում որևէ բանակցություն չենք վարելու»։