Պետությունը պարտավոր է զինծառայողներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով. Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է զինծառայողների ծնողներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում տեղեկացրեց, որ այսօր առավոտյան իր մոտ է հրավիրել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին և ԳՇ թիկունքային ապահովման ներկայացուցչին՝ քննարկելու ժամկետային զինծառայողներին ապահովելու խնդիրները:

«Նախկինում խոսել եմ այն մասին, որ ժամկետային զինծառայողների բազմաթիվ ծնողներ ստիպված են հիգիենիկ պարագաներ, ներքնաշորեր, կոշիկներ ուղարկել:Այսօր պաշտոնապես կարող եմ հայտարարել՝ ժամկետային զինծառայողների մեր հարգելի ծնողներ, դուք առանց այն էլ շատ մեծ ծառայություն եք մատուցել հայրենիքին, երբ որ ձեր զավակներին ուղարկել եք հայոց բանակ ծառայության, և մեր պետությունը պարտավոր է ձեր զավակներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով՝ սկսած հիգիենիկ պարագաներից, հագուստով, ներքնաշորով: Կոչ եմ անում որևէ պարագայում ձեր երեխաների համար չուղարկել այն բաները, ինչ-որ պետությունը պարտավոր է տալ զինվորին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ եթե զինծառայողները չեն ունենա նշված պարագաները, ապա ծնողները կարող են դիմել վարչապետի աշխատակազմին:

«Գլխավոր շտաբը պարտավորվել է, որ ինքը ամեն ինչով ապահովելու է զինվորներին՝ այդ թվում՝ որակյալ սնունդով, եթե լինեն խնդիրներ սնունդի հետ, գրել ինձ, դիմել վարչապետի աշխատակազմ: Եթե նույնիսկ ձեր երեխաներն ասում են, որ չունեն, ոչ թե նեղություն քաշեք և ուղարկեք, այլ դիմեք մեզ և մենք այդ խնդիրները կլուծենք»,-ասաց նա՝ նշելով, որ ինքն արդեն հավաստիացումներ է ստացել ԳՇ-ից, և եթե այդ խնդիրները չլուծվեն, դրան կհետևի խստագույն պատասխանատվություն: