«Ծախսեր կան, որ պետք է արվեն». Արարատ Միրզոյանի պարզաբանումը՝ Դուշանբե «թիվ 1 բորտով» մեկնելու վերաբերյալ

 

 

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարտ Միրզոյանն անդրադարձել է «թիվ մեկ բորտով» Դուշանբե թռչելու շուրջ առաջացած աղմուկին:

Նա այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերադառնալուն պես տեղեկացա, որ մի քանի լրատվամիջոցների եւ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից կասկածի տակ է դրվել մեր պատվիրակության՝ ՀՀ «թիվ մեկ բորտով»՝ վարչապետի ինքնաթիռով մեկնելու նպատակահարմարությունը։ Ասեմ, որ հակառակ դեպքում մեր 20 հոգանոց պատվիրակությունը (ներառյալ ԶԼՄ ներկայացուցիչները) ստիպված էր լինելու մեկնել Մոսկվայով, իրարից տարբեր եւ ոչ այնքան մոտ չվերթներով եւ կրկին լուրջ, գրեթե համարժեք գումար էր ծախսելու ավիատոմսերի, սնունդի եւ հյուրանոցային վճարների վրա։

Ամենաէականը, սակայն, այն էր, որ մենք ստիպված էինք լինելու մեկնել մայիսի 30-ին եւ վերադառնալ հունիսի 2-ին։ Այս երկու աշխատանքային օրվա վատնումը ճանապարհի վրա ամենաիսկական շքեղություն կլիներ իմ համար։ Կներեք, բայց ես դա ինձ թույլ տալ չեմ կարող այս օրերին, երբ իմ աշխատանքային գրաֆիկն այնքան հագեցած է, որ ես աշխատանքի եմ գնում առավոտյան շուտ եւ վերադառնում եմ գիշերը շատ ուշ։

Ֆինանսական խնայողություններն, իհարկե, մեր առաջնահերթություններից են, եւ մենք հետեւողականորեն գնում ենք այդ ուղղությամբ։ Միաժամանակ պետք է հասկանանք, որ ծախսեր կան, որ պետք է արվեն՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի, ինչու չէ՝ նաեւ մեր երկրի պատշաճ ներկայանալու համար»: