Իրավապահ համակարգի աշխատանքը բավարար չեմ կարող գնահատել այնքան ժամանակ, քանի դեռ չի բացահայտվել «Մարտի 1»-ի գործը. Ն. Փաշինյան

Մենք բարոյական պարտք ունենք «Մարտի 1-ի» զոհերի առաջ, որովհետև միգուցե եթե չլիներ «Մարտի 1»-ը, դժվար կլիներ խուսափել փողոցային վենդետաներից հեղափոխության ժամանակ: Այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության ծրագիրը ներկայացնելիս նման հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա առանցքային է համարում «Մարտի 1»-ի սպանությունների բացահայտումը, ավելին՝ տեղեկացրեց, որ արդեն իսկ հանձնարարականներ է տվել իրավապահ մարմիններին:

«Իրավապահ համակարգի աշխատանքը բավարար չեմ կարող գնահատել այնքան ժամանակ, քանի դեռ չի բացահայտվել «Մարտի 1»-ի գործը»,-ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, որ ամեն դեպքում կան մարդիկ, ովքեր դեռ չեն հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Փաշինյանը նկատեց, որ երբ դարձավ վարչապետ, ավելի հիմնավոր կերպով հասկացավ, որ դատական համակարգը Բաղրամյան 26-ից հրահանգվելու ու այդպես աշխատելու սովորություն ունի:

«Նոր իշխանության առաջ գայթակղության մի մեծ հարց էր դրված՝ շարունակել դատարաններին հրահանգելու ավանդույթը, թե ոչ, ես որոշում եմ կայացրել՝ չշարունակելու այս արատավոր երևույթները: Հրաժարվում եմ այդ գործելակերպից, դա դեպի դիկտատուրա տանող ճանապարհ է»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաև Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրին՝ նշելով, որ վերականգնելու են Հայաստան-Ադրբեջան խախտված ռազմական հավասարակշռությունը:

«Ադրբեջանի կողմից ծախսվող աստղաբաշխական գումարներին մենք հակադրելու ենք ինովացիոն տեխնոլոգիաները, ինովացիոն միտքը»,- ասաց վարչապետը և ավելացրեց, որ վարչապետի պաշտոնում ինքը չի մտնելու կոռուցպիոն գործարքների մեջ, որևէ կողմնակի եկամուտ չի ունենալու, գույք, բիզնես, բաժնետոմս ձեռք չի բերելու: «Նման մոտեցում եմ պահանջում յուրաքանչյուր պաշտոնյայից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ գործարարներն ազատվում են կոռուպցիոն պարտավորություններից: «Ցանկացած պաշտոնյա, դատախազ, միլպետ, հարկայինի պետ, նախարար, ով կփորձի փայ մտնել, նալոգ դնել գործարարի վրա, իմ անձնական թշնամին է:

Որևէ մեկը չմտածի, թե կարող է խուսափել պատասխանատվությունից: Բոլոր կոռուպցիոներներին հայտնաբերելու ենք ու հանենք նույնիսկ ամենահեռու, ամենամութ ծակերից»,- խոստացավ Նիկոլ Փաշինյանը: