Վարկային տույժ-տուգանքների համաներմամբ Հայաստանում ներդրումային վիճակը կլավանա. Մ. Մելքումյան

Մենք պետք է այս վիճակից մաքրվենք, որ Հայաստանում ներդրումային վիճակը լավանա, այլապես մենք կթաղվենք այդ անվերջանալի տույժ-տուգանքների մեջ. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` անդրադառնալով «Հարկային օրենսգրքում» 80-ից ավելի փոփոխություններ ու լրացումներ կատարելու կառավարության նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել հնարավորություն, որ առևտրային բանկերը կարողանան առանց լրա­­ցու­ցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018 թ.-ի մայիսի 31-ն անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանք­ները:

Ըստ Մելքումյանի՝ նման նախաձեռնությունը վաղուց պետք է արվեր, և ԱԺ նիստին նույնիսկ ինքը հարց է ուղղել ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին, թե ինչու ավելի վաղ չի արվել:

«Այն մարդիկ, ովքեր մեկ միավոր վարկ էին վերցրել, ժամանակի ընթացքում դարձել է 3-4 միավոր, այսինքն՝ աճել է, և դարձել անելանելի և անհուսալի վիճակ։ Եվ երկրորդ, երբ վարկային պարտավորությունները չեն կարողանում կատարել, խնդիրներ են ունենում և այլևս չեն կարող նոր վարկ ստանալ: Այսինքն՝ մարդիկ դատապարտվել էին, և դրա պատճառով շատ շատերը լքում էին և հեռանում: Հիմա նախագծով նախատեսվում է տույժ ու տուգանքներն ըստ չափերի ներել, հերթով նայել, խմբավորել, թե ինչին են վերաբերում, հետո հասկանան՝ որ վարկերն են՝ գյուղացիական, սպառողական, բնույթը ճշտեն և ազատեն»,-ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը նշեց, որ դա շատ ճիշտ քայլ է, և նկատեց, որ այս նախաձեռնությունն այնքանով առնչություն ունի «Հարկային օրենսգրքի» հետ, որ տույժ-տուգանքների վրա հարկային պարտավորություններ էին հաշվարկվում բանկերի համար:

«Այսինքն՝ բանկը դեռևս տույժ ու տուգանքը չի ստացել, բայց հարկային պարտավորությունն արդեն հաշվարկվել է, և նրա վրա էլ է եկել տույժ ու տուգանք: Դրա համար հարկային օրենսդրությամբ պետք է կարգավորել, որպեսզի նաև բանկերի վրա հաշվարկված և չստացված տուգանքները դուրս մղվեն, և դա շատ նորմալ երևույթ եմ համարում»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ են բանկերը գնում նման զիջումների, Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ ինչ-որ չափով նրանց էլ էր պետք այդ խնդրին լուծում տալը:

«Ցանկացած գործընթաց՝ կլինի բիզնես, կինի պետական վարչարարություն, կառավարում և այլն, ունի այսպես կոչված՝ հեռանկար ունենալ-չունենալու խնդիր։ Հիմա եթե բանկերը մարդկանց տույժ ու տուգանքներից երբեք հույս չունեն, որ կստանան, կամ էլ գրավադրված գույքն այդ մայր գումարի կեսն էլ չի ծածկում, քանի որ գրավների արժեքներն իջել են, չեմ ասում՝ ձեռնտու է դառնում, բայց խնդիրը լուծում է: Մի կողմից վարկունակության դաշտն են մեծացնում, այսինքն՝ վարկային պատմությունները մաքրելով՝ հույս տալիս, որ նորից սկսեն բիզնես կամ այլ գործունեություն ծավալել, և մյուս կողմից էլ անհուսալի վարկային պատմությունները բանկերի համար մաքրում են»,-ասաց նա:

Իսկ թե ով է որոշելու, թե ովքեր կարող են օգտվել համաներումից, Մելքումյանը նշեց, որ բանկերն իրավաբանական գործընթացների իրենց սցենարն ունեն: «Բնականաբար՝ բանկն է որոշում շատ ինդիվիդուալ, թե ում նկատմամբ ինչ պայմանագիր ունի, ում տա, չտա»,-ասաց նա: