«Հայոց Արծիվներ.Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում Խաչիկ Ասրյանի ծրագրային ելույթը

 

 

Քրիստոնյա՛ և հայրենատեր Հայեր

28 տարի առաջ, այս դահլիճում ընդունված Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրով, սկիզբ դրվեց հայ ժողովրդի անկախության գործընթացին, և այսօր նույն դահլիճում մենք հայտարարում ենք, որ «Հայոց Արծիվնե՛րն» է պահապանը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի:

Ուղիղ երկու ամիս առաջ՝ ապրիլի 23-ից, իմ խորին համոզմամբ, Հայաստանում սկիզբ առավ քաղաքական նոր ժամանակաշրջան, հետևաբար, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական ճգնաժամային իրադարձությունները, նորանկախ Հայաստանի Հանրապետության կազմավորման և ձևավորման ընթացքում` իմ 26-ամյա հայրենանվեր գործունեության շրջանակներում կազմակերպած շուրջ 2000 հայրենասիրական և ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումները, որոնց Հայաստանում և Արցախում մասնակցել են 400.000-ից ավելի քաղաքացիներ (http://www.hayocartsivner.am/), այդ թվում՝ վերջին 11 տարիների ընթացքում պետական համակարգում իմ ազնիվ և պատասխանատու գործունեությունը` սույն թվականի մայիսի 10-ին ես տվեցի իմ հրաժարականը` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից և դուրս եկա Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ես շատ լավ գիտակցում եմ, որ այս նոր ժամանակաշրջանը ներկա և եկող սերունդների համար լինելու է մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու հազարամյակը: Ուստի, քննության առնելով «Հայոց Արծիվների» Խորհրդի անդամների, բոլոր մասնաճյուղերի ղեկավարների վերլուծությունները, առաջարկները և բոլոր անդամների անկեղծ ցանկությունը՝ որոշում ընդունվեց. 15-ամյա գործունեության արդյունքում Հայաստանում 301 մասնաճյուղ հիմնադրած «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ամուր հիմքի վրա ստեղծել նոր` «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն, որն ուղղակի հավատարիմ է մնալու «Հայոց Արծիվների» որդեգրած ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությանը և շարունակելու է «Հայոց Արծիվների» գործունեությունը` կրկին ջանք ու եռանդ չխնայելով Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայերի միասնության ամրապնդման և հայոց պետականության, հայոց սուրբ հողի ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում:

Գիտակցական իմ կյանքում` 26 տարիների գործունեությունս բացառապես ուղղված է եղել մեր պետության և մեր ժողովրդի արտաքին անվտանգության ապահովմանը, ասել է թե` հայոց բանակ, հայ զինվոր, զորամասեր, սահմանագիծ, մարտական հենակետեր և հայրենիքի սահմանների պաշտպանություն. այսուհետ իմ և նորաստեղծ կուսակցության առանցքային առաքելությունն եմ համարում իրականացնել նույնքան շռնդալից ու չերկրորդվող գործունեություն Հայաստանի` այժմ նաև` ներքին կայունության համար:

Այո՛, «Հայոց Արծիվներն», իր վաստակած հեղինակությամբ, մեծ փորձով և վճռականությամբ մնալով հայոց սուրբ հողի պաշտպանության խրամատներում, միաժամանակ մտնում է Հայաստանի ներքին քաղաքականության պայքարի մեջ՝ հաղթելու և, իրոք, կառուցելու մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան:

Մարդկության պատմության ողջ ընթացքում, մասնավորապես քաղաքականության մեջ, հասարակական կազմակերպության կամ կուսակցության Առաջնորդի որդեգրած գաղափարախոսությունը երբեք չի փոխվել և չի կարող փոխվել, իսկ կարգախոսները փոխվել են պարտադիր՝ համաձայն ժամանակաշրջանի պահանջների:

Այնպես, ինչպես «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունն իր գործունեության յոթ տարիների ընթացքում որդեգրել էր «Իմ միջոցով՝ ազգիս համար», «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունն ութ տարիների ընթացքում` «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Առաջնորդ» կարգախոսները, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն էլ որդեգրել է «Աստվա՛ծ, Հա՛յ Ազգ, Հայաստա՛ն» կարգախոսը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության համախոհ սիրելի՛ արծիվներ, երբեք չմտածեք, որ մեր կատարած 15-ամյա օրհնաբեր և արգասաբեր գործունեությունը, որը հայոց պատմության էջերում արդեն զետեղվել է ոսկե տառերով՝ որպես մնայուն արժեքի, չի գնահատվել, և կարող է մոռացվել, երբե՛ք: Այո՛, մոռացվելու և մոխիր են դառնալու բոլոր ժամանակների մորթապաշտ, կոռումպացված և ապազգային իշխանությունները, բայց՝ ո՛չ երբեք «Հայոց Արծիվները»:

Ո՞վ է ասում, որ քաղաքականությունն անբարոյականություն է: Նա, ով ասում է, որ քաղաքականությունն անբարոյականություն է, հենց ինքն է անբարոյականը: Այսօր մենք, «Հայո՛ց Արծիվներ», պաշտոնապես մուտք ենք գործում քաղաքականություն, իսկ քաղաքականությունը քաղաքական գործիչների համար ամենօրյա արժանապատիվ և պատասխանատու աշխատանք է այնպես, ինչպես մանկավարժի համար սերունդ դաստիարակելը, բժշկի համար վիրահատություն անելը և մարդու կյանքը փրկելը: Սա՛ է քաղաքականության իմ նոր բանաձևը, որով այսուհետ առաջնորդվելու ենք բոլորս:

Ես և «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը շարունակելու ենք լինել քաղաքական ինքնուրույն որոշումներ կայացնողներ այնպես, ինչպես միշտ կայացրել ենք և՛ «Սյունյաց Արծիվների», և՛ «Հայոց Արծիվների» գործունեության ժամանակ. քաղաքական որ ուժի, կամ ում հետ կհամագործակցենք այսօրվանից, ում հետ չենք համագործակցի, այդ իրավունքը բացառապես մերն է և վե՛րջ:

Ի՞նչ է նշանակում ընդդիմադիր կամ իշխանամետ: Այդ բառերն ինձ համար երբեք գոյություն չեն ունեցել: Ինձ համար կա Հայաստան, որն ավելին է, քան մենք բոլորս: Ինձ համար կան հայ ժողովուրդ և հայոց սուրբ հող, որոնց անվտանգությունն ինձ համար ավելին է, քան իմ կյանքը: Բոլորս պետք է օժտվենք հայաստանակենտրոն այս մտածողությամբ, այլ ոչ թե լինենք ընդդիմադիր կամ իշխանամետ: Այսինքն՝ յուրաքանչյուրիս գործունեության կենտրոնը պետք է լինի Հայաստանը: Ամեն ինչ՝ հանուն Հայաստանի անընդհատ հզորացման. ահա՛ իմ դավանած հայրենասիրությունը:

Հայաստանի և հայ ժողովրդի համար ինչպիսի՞ հասարակարգ է ուզում կառուցել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը՝ սոցիալակա՞ն, թե՞ կապիտալիստական: Կառուցում ենք նոր հասարակարգ, որը կոչում ենք հայոց ազգային անկախ պետականություն՝ սոցիալական-իրավական հասարակարգով և որի առաքելությունը հայապահպանությունն է, հայ ազգի և հայոց պետականության արտաքին անվտանգության ապահովումը, իսկ գերակայությունն՝ օրենքի իշխանությունը: Իսկ ո՞րն է հայոց ազգային անկախ պետականության բանաձևը։ Անսասան հավատ առ Աստված, անընդհատ զարգացող ազգային տնտեսություն, անընդմեջ հզորացող ազգային բանակ, հայաստանակենտրոն քաղաքացիներ. ահա՛ հայոց ազգային անկախ պետականության բանաձևը: Ազնվասի՛րտ արծիվներ, գիտակցական ձեր ողջ կյանքը նվիրե՛ք Հայոց ազգային անկախ պետականության կառուցմանը, պաշտպանությանն ու հզորացմանը. այդ պիտի լինի յուրաքանչյուրիդ առօրյան:

Խաչիկ Ասրյանի, նախկին իշխանությունների և կոռուպցիայի մասին.

Միշտ գիտակցե՛ք, որ կոռուպցիան և կաշառակերությունն անեծք են յուրաքանչյուրի և բոլոր ժողովուրդների համար: Նրանք, ովքեր բառաչում եմ, թե իբրև պետական համակարգում աշխատող բոլո՛ր մարդիկ են կոռումպացված, հենց նրանք՝ բառաչողներն են չարիք ծնողը, հենց նրանք են կոռուպցիան:

Ես՝ Խաչիկ Ասրյանս, ով Սյունյաց աշխարհում հիմնադրել և հզորացրել էր Հայաստանի ամենաուժեղ երիտասարդական կազմակերպությունը՝ «Սյունյաց Արծիվները», 2007 թվականի հուլիսի 14-ին նշանակվել եմ Հայաստանի սպորտի փոխնախարար՝ համակարգելով Հայաստանում մասսայական սպորտը:

Եվ, ուղիղ 11 տարի, իմ անբասիր, աշխատասեր և պատասխանատու ծառայությունն եմ մատուցել իմ հայրենիքին՝ Հայաստանին՝ ապահովելով 15 անգամ աճ՝ իմ կողմից համակարգված մասսայական սպորտի ոլորտում: Խաչիկ Ասրյանը, 11 տարի լինելով սպորտի փոխնախարար, չի եղել իշխանություն։

Խաչիկ Ասրյանն, իր բացառիկ պետականամետությամբ, 11 տարի շարունակ ուղղակի քայլել է իշխանություններին զուգահեռ, բայց, կրկնում եմ, երբեք չի՛ եղել իշխանություն: Իմ պետական աշխատանքին զուգահեռ, և՛ «Սյունյաց Արծիվներ», և՛ «Հայոց Արծիվներ» կազմակերպությունների 15-ամյա գործունեության ընթացքում, կազմակերպել եմ 1.500 հայրենասիրական միջոցառում, որոնց Հայաստանում և Արցախում, կրկնում եմ, մասնակցել են 400.000-ից ավելի քաղաքացիներ, իսկ 1.500 միջոցառումների համար ծախսված հովանավորչական միջոցները 15 տարիների ընթացքում կազմել են մի քանի հարյուր միլիոն դրամ:

Եվ այդ բուռն գործընթացի ժամանակներից ի վեր՝ ուղիղ 11 տարի՝ ընտանիքիս հետ միասին՝ ապրում եմ Երևանում՝ հիպոտեկով ձեռք բերված տան մեջ: Հիմա, ես նայում եմ բոլորիդ աչքերի մեջ և ասում. այո՛, ես եմ ազնիվ, հայրենատեր և չգայթակվող ազգային, պետական և քաղաքական գործիչը:

Նախկին, գուցե նաև ներկայիս, իշխանությունների մեջ կան երկու տեսակի պաշտոնյաներ. 1-ինը՝ ազնիվ, հայրենատեր պետական գործիչներ, 2-րդը՝ խառնակիչ, բանսարկու, կոռումպացված չինովնիկներ: Բնականաբար, Խաչիկ Ասրյանը պատկանում է 1-ին տեսակին, որովհետև, 1-ին տեսակն է, որ հայրենիքին սպառնացող վտանգի պահին, թողնելով դիրքը, պաշտոնը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի սկզբից՝ ժամերի ընթացքում, կանգնեց Արցախի սուրբ հողի սահմանագծին՝ պաշտպանելու Արցախն ու Հայաստանը՝ անթարթ նայելով մահվան աչքերի մեջ և անվերապահորեն կատարելով զինվորական հրամանները:

Ինչո՞ւ եմ այսքանն ասում: Որպեսզի դուք բոլորդ շատ լավ գիտակցեք, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, մասնակցելով և հաղթելով առաջիկայում տեղի ունենալիք Ազգային ժողովի ընտրություններում, ամբողջությամբ մոխիր է դարձնելու խառնակչությունը, բանսարկությունն ու կոռուպցիան:

Մեր պայքարն անձերի դեմ չէ և չի՛ լինելու: Մեր պայքարը գաղափարների և արժեհամակարգերի համար է: Այո՛, մենք պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից, որպեսզի հրապարակեն անցած և ներկա իշխանությունների մեջ գտնվող կոռումպացված, թալանչի և՛ չինովնիկների, և՛ օլիգարխների անունները, որպեսզի հայ ժողովուրդն անձամբ տեսնի, թե ովքեր են իրականում թալանել իրեն, իսկ ովքեր են իրականում ազնիվ ծառայել Հայաստանի Հանրապետությանը:

Ի՞նչ է նշանակում օլիգարխիկ համակարգ: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, մասնակցելով և հաղթանակ տանելով առաջիկա Ազգային ժողովի ընտրություններում, շատ արագ տալու է այս հարցի պատասխանը, այսինքն՝ 24 ժամ և օլիգարխիկ ողջ համակարգը կհայտնվի օրենքի դաշտում և վե՛րջ։

Խաչիկ Ասրյանի, «Հայոց Արծիվների» և Հայաստանի Հանրապետական կուսակցության հարաբերությունների մասին.
Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, Հայաստանի լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին և Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին, որ վերջին 15 տարիների ընթացքում հնարավորություն ընձեռեցին ինձ՝ իմ հայրենասիրական, հասարակական գործունեությանը զուգահեռ՝ քաղաքական դաշտում հնարավորինս դրսևորելու իմ ազգային գործունեությունը, ինչպես նաև՝ պետական համակարգում ծառայելու հայոց պետականաշինությանը։

Սույն թվականի մայիսի 1-ին Ազգային Ժողովում Հայաստանի Հանրապետության Վարչապետի ընտրությանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունն իրեն պահեց շատ ճիշտ, իսկ մայիսի 2-ի հայտարարությունից և մայիսի 8-ի քվեարկությունից հետո՝ Հանրապետական կուսակցության մեջ ես տեսա պարտվողականություն, որն ինձ հոգեհարազատ չէ և խորթ է:

Իմ և Հայաստանի Հանրապետական կուսակցության, ասել է թե՝ նախկին իշխանությունների միջև տարաձայնությունները ծագել էին ավելի շուտ՝ հայոց պետականաշինության գործում նրանց կողմից ընդունված կադրային խայտառակ քաղաքականության պատճառով, և այդ տարաձայնություններն ավելի խորացան, երբ Հայաստանի Հանրապետության նախկին իշխանությունները մի քանի ամիս առաջ ստորագրեցին Եվրամիության ասոցացման համաձայնագիրը, ու ես վերջնականապես համոզվեցի, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ու արդեն նախկին իշխանության արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ կազմված է «և՛-և՛»-ի վրա, որն, ինձ համար, ուղղակի անթույլատրելի է, և որի մասին ես բազմիցս խոսել եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության գաղափարախոսական թևի ներկայացուցիչների հետ:

Ինչո՞ւ է անթույլատրելի: Որովհետև, ի վերուստ տրված հայկակական բարձրավանդակում բնակվող հայերիս համար, Հայաստանի և՛ արևելքից, և՛ արևմուտքից՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, ունենք դարավոր և ոխերիմ թշնամիներ: Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանը՝ ի դեմս Հայաստանի իշխանության, պարտադիր պետք է որդեգրեր ոչ թե «և՛-և՛»-ի արտաքին քաղաքականությունը՝ մեկ ոտքով արևմուտք, մեկ ոտքով Ռուսաստան, այլ բացառապես համագործակցեր հայ ժողովրդի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանի Դաշնության հետ:

Աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների այս դաժան ժամանակաշրջանում, որտեղ գրեթե ամենուր պատերազմական գործողություններ են և ազգեր ու ժողովուրդներ են կործանվում, Հայաստանը չի կարող միաժամանակ ու հավասարապես եղբայրություն կամ դաշնակից բարեկամություն անել երկու գերտերությունների՝ Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության հետ:

Այսինքն՝ Հայաստանը պետք է բացառի իր արտաքին «և՛-և՛»-ի քաղաքականությունը, որովհետև «և՛-և՛»-ի քաղաքականությունն է, որ Հայաստանը կտանի կործանման: Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը պետք է բացառապես կառուցի դարավոր բարեկամ, ռազմավարական գործընկեր, քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդի, ասել է թե՝ Ռուսաստանի Դաշնության հետ միասին՝ միաժամանակ անսասան պահելով հարևան պետությունների՝ Իրանի Իսլամական և Վրաստանի Հանրապետությունների հետ բարեկամական հարաբերությունները:

Ավելին՝ մենք անհնարինը կդարձնենք հնարավոր, բացառապես նպաստելով ոչ միայն հայ-ռուս ժողովուրդների բարեկամության անընդհատ ամրապնդմանը, այլ նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական համագործակցության կատարելիությանը:

Իհարկե, Երկիր մոլորակի ցանկացած պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ամերիկան, եվրոպական պետությունները, Թուրքիան, Իրանը, Վրաստանը, նույնիսկ Ադրբեջանը, իրենց արտաքին քաղաքականությունը կարող են վարել «և՛-և՛»-ի սկզբունքով, բայց ո՛չ երբեք Հայաստանը: Ինչո՞ւ եմ այս ամենի մասին ես հիմա խոսում: Բնականաբար, այս ամենի մասին ես չէի կարող խոսել մասսայական սպորտը համակարգող սպորտի փոխնախարարի պաշտոնում գտնվելու ժամանակ: Հիրավի՛, այս ռազմավարական հարցերի մասին ես կարող եմ և խոսում եմ միայն ու միայն հիմա՝ որպես կուսակցության հիմնադրի:

Խաչիկ Ասրյանի, «Հայոց Արծիվների» և Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին.

Բոլորդ տեղյակ եք, որ 2010 թվականի հունվարի 29-ին Եռաբլուր պանթեոնում «Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպությունը որդեգրեց ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը և «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ, կամ թե նույնն է՝ Հայոց Առաջնորդ» կարգախոսը՝ որպես եռամիասնության արժեհամակարգ: Եվ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահը Սերժ Սարգսյանն էր: Վերաբերո՞ւմ էր Սերժ Սարգսյանին «Հայոց Նախագահ» կարգախոսը: Իհարկե, այո՛: Ավելին՝ վերաբերում էր ուղղակի առումով: Սերժ Սարգսյանը «Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» կազմակերպությունների հզորացման գործում մեծագույն ներդրում ունեցած անհատականություն է:

Ի՞նչ կատարվեց ապրիլի 23-ին Հայաստանի ներքաղաքական դաշտում: Իրոք, բոլորիս համար անհայտ պատճառներով, Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը գիտակցաբար հեռացավ պետական համակարգից: Եվ, իմ խորին համոզմամբ, սույն թվականի ապրիլի 23-ից Հայաստանում սկսվեց քաղաքական նոր ժամանակաշրջան:

2002 թվականի սեպտեմբերի 26-ին Սյունիքում Խաչիկ Ասրյանը հիմնադրեց «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական կազմակերպությունը, որը, 7 տարիների ընթացքում, իրականացրեց 821 հայրենասիրական միջոցառում. «Սյունյաց Արծիվները» հիմնադրեցի ես՝ ինքնուրույն և մենակ: 2010 թվականի հունվարի 27-ին Երևանում Խաչիկ Ասրյանը հիմնադրեց «Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպությունը, որն, 8 տարիների ընթացքում, իրականացրեց 680 հայրենասիրական միջոցառում. «Հայոց Արծիվները» ևս հիմնադրեցի ես՝ ինքնուրույն և մենակ:

Այսօր, բացառապես ձեզ հետ, ես հիմնադրում եմ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը: Իմ 26-ամյա հայրենանվեր ինքնուրույն և անհերքելի գործունեությանն ականատես լինելով՝ ինչո՞ւ է ոմանց թվում, թե Սերժ Սարգսյանը կարող է որևէ կապ ունենալ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադրման հետ: Ինչո՞ւ: Ինչ է, վա՞տ է, որ Խաչիկ Ասրյանն, սյունեցու իր կերպարով, միշտ էլ հավատարիմ է եղել հայոց պետականությանը, ազգային բանակին, հայոց նախագահին:

Ո՞րն է այստեղ սխալը: Սխալն այն է, որ ես չպիտի՞ լինեմ հավատարիմ տեսակ, չպիտի՞ խոնարհվեմ իմ ազգային արժեքների առաջ, թե՞ պետք է ապրեմ Ալան Դալեսի այլասերված ծրագրով («Ալան Դալես. Ժողովուրդների կործանման մեծագույն ողբերգության ծրագիրը». 1953-1961թթ. ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ալան Դալեսը, ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների խորհրդի 1945 թվականի գաղտնի ժողովներից մեկի ժամանակ, որտեղ ներկա էին ԱՄՆ փոխնախագահ Հ. Տրումենը, ֆինանսների նախարար Հ. Մորգենթաուն, Բ. Բարուխը, ներկայացրել է սեփական յուրատեսակ ծրագիրը: Ձեզ եմ ներկայացնում ծրագրից մի քանի դրույթներ. «Պատերազմը կավարտվի, ամեն ինչ ինչ-որ կերպ կհանդարտվի, կկարգավորվի:

Եվ մենք, մարդկանց հիմարացնելու ու ապուշացնելու նպատակին կնետենք այն ամենը, ինչ ունենք՝ ամբողջ ոսկին, ողջ նյութական օգնությունն ու ռեսուրսները: Պետության կառավարման մեջ մենք քաոս և խառնաշփոթ կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվորեն ու մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը:

Ազնվությունը և օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլևս պետք չեն լինի: Ստահակությունն ու լկտիությունը, սուտն ու խաբեությունը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, այլախոհությունը, ազգայնամոլությունը և ժողովուրդների հակադրումը միմյանց այս բոլորը մենք կսերմանենք ճարպկորեն ու աննկատ: Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում:

Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք ծաղրի առարկա, կգտնենք միջոցներ նրանց զրպարտելու և հասարակության տականք անվանելու: Այսպես, սերունդ առ սերունդ մենք կսասանենք… Մենք մարդկանցով կզբաղվենք մանուկ, երիտասարդ հասակից, խաղագումարը միշտ կդնենք երիտասարդության վրա, կսկսենք կազմալուծել ու քայքայել, բարոյալքել ու այլասերել, ապականել ու պղծել նրան: Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ, ազատ աշխարհի կոսմոպոլիտներ:

Հենց այսպես էլ մենք դա կանենք»)… Երբե՛ք, լսո՞ւմ եք, «Հայոց Արծիվնե՛ր», երբեք թույլ չենք տա Հայաստանում կիրառել դալեսյան պետականակործան ծրագիրը:

Եվ զգուշացում բոլորին. ոչ ոք իրավունք չունի ոչ կոռեկտ արտահայտվել հայոց պետականաշինության 30 տարիների ընթացքում մեծագույն ներդրում ունեցած Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության 1-ին, 2-րդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և գործող՝ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի մասին:

Ալան Դալեսի ազգերի կործանման ծրագրի որոշ դրույթներ ձեզ ներկայացնելուց հետո՝ խոսեմ Արևմուտքի այլասերված բարքերի մասին:

Հիմա կասեն՝ մենք կոռեկտ չենք արտահայտվում արևմուտքի բարքերի մասին։

Ո՞նց կարող ենք Արևմուտքի բարքերի մասին խոսել կոռեկտ, երբ այդ նույն բարքերի քարոզն ու տարածումը կարող են մեր Հայաստանում արմատախիլ անել հայածին ընտանիքի տեսակը, ոչնչացնել հայ մարդու պատիվն ու արժանապատվությունը՝ հայերիս մեջ սերմանելով այլասերվածություն:

Ո՞նց կարող ենք կոռեկտ արտահայտվել բազմադարյա, ավանդապաշտ և քրիստոնյա ընտանիքների միասնության արդյունքում կառուցած Հայաստանի Հանրապետության անսասան հիմքերը խարխլող բարքերի և դրանց քարոզողների մասին: Ո՞նց կարող ենք կոռեկտ լինել աստվածային երկիր Հայաստանում այլասերվածություն տարածողների հանդեպ: Ահավասիկ, վառ և թարմ օրինակը:

Սույն թվականի մայիսի 28-ի՝ Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի նախօրյակին, Հայաստան են հրավիրում, կամ՝ ուղարկում, աշխարհահռչակ ոչ միայն երգիչ, այլ նաև՝ միասեռական, Էլթոն Ջոն անունով մի անհասկանալի գոյության… Սա խայտառակություն է:

Ո՞վ կամ ովքե՞ր են Հայաստան հրավիրել այդ այլասերվածին, ով հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանում ստեղծում է հիմնադրամ, և այդ հիմնադրամը Հայաստանում պետք է զբաղվի միասեռականների համախմբմամբ և նրանց զարգացմամբ:

Այսինքն՝ նա գիտակցաբար սասանում և թուլացնում է ավանդապաշտ, քրիստոնյա հայ ընտանիքի հազարամյա հիմքերը, ասել է թե՝ փորձում է ոչնչացնել հայ զինվորի, հայոց զինվորականի մարտունակ, հաղթանակած ոգին: Կրկին հարցնում եմ. ո՞վ կամ ովքե՞ր են Հայաստան հրավիրել այդ միասեռականին և աջակցում նրան, որպեսզի այդ սրբապիղծը խարխլի հայկական ընտանիքների անսասան հիմքերը, ասել է թե՝ հայ ազգի, հայոց պետության անվտանգության միակ երաշխավորի՝ ազգային բանակի հիմքերը:

Անկախ այդ միասեռականին Հայաստան ուղարկողների կամ հրավիրողների պաշտոնից, դիրքից, տարիքից՝ խոսքս ուղղում եմ նրանց. մի՛ սասանեք, մի՛ թուլացրեք հայոց ընտանիքը: Կրակի հետ մի՛ խաղացեք: Մենք՝ հայերս, Հայաստան չունենք ձեզ տալու և վե՛րջ։

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ապրիլ-մայիսյան իրադարձությունների մասին.

2018 թվականի ապրիլ-մայիսյան համաժողովրդական շարժումը Հայաստանում բերեց ոչ թե թավշյա հեղափոխություն, այլ՝ թավշյա իշխանափոխություն: Ավարտվեց իշխանափոխությունը: Սթափվե՛ք: Զգո՛ն եղեք և մասնակցեք մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու օրհնաբեր գործին:

Կա ճշմարտություն. գործող իշխանության հաջողման դափնիները միանշանակ գործող իշխանությանն են, բայց, մի՛ մոռացեք, որ և նրա՛նն է ձախողման սև ժապավենը:

Աստված տա, որ այս իշխանությունները և նրան հաջորդող իշխանությունները միայն ու միայն ունենան հաջողման դափնիներ՝ ի նպաստ հայ ազգի:

Մեզ համար՝ քաղաքականության մեջ չկա գովասանք կամ քննադատություն: Մեզ համար կա գերագույն ճշմարտություն՝ Հայ Ազգ- Հայաստան, որի անվտանգության և հզորացման համար պատասխանատու ենք բոլորս: Բնականաբար, առայժմ ես կարծիք չեմ հայտնի, հատկապես, ո՛չ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետական կուսակցության վերջին որոշումների մասին:

Ե՛վ իմ, և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Հայաստանի Հանրապետական կուսակցության ու մյուս բոլոր քաղաքական կուսակցությունների մասին այսօր կարծիք կարող է հայտնել միայն իմաստուն հայ ժողովուրդը:

Իսկ այդ կարծիքը, ինչու չէ նաև իր ընտրությունը, հայ ժողովուրդը կհայտնի և կկատարի հենց առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կուսակցության հատկապես առաջնորդի անուն, ազգանունը, հայոց նորանկախ պետականաշինության 27 տարիների ընթացքում նույն առաջնորդի ներդրման չափը, նրա փորձը պետական համակարգի գործունեության մեջ, և ամենակարևորը՝ նրա ներդրումը հայոց պետության և հայ ժողովրդի անվտանգության գործում՝ սկսած արցախյան հերոսամարտից մինչև ապրիլյան պատերազմ, մինչև այսօր:

Ավելի քան վստահ եմ, որ ցանկացած կուսակցության առաջնորդի մեջ վերոնշյալ արժեքների առկայությունը գլխավոր պայմանն է հայկական բարձրավանդակում ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ ժամանակաշրջանում բնակվող Հայաստանի քաղաքացու համար:

Քրիստոնյա Հայաստանի մասին.

Քրիստոնյա Հայը թուլամորթ և վախկոտ հայ չէ, քրիստոնյա Հայը Քրիստոսի արյամբ շաղախված ազնիվ և ճշմարտախոս Հայն է:

Երբ իմ ելույթների ժամանակ ասում եմ, որ պետք է կառուցել մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան, հասարակության մի մասն ինձ հարցնում է, իսկ, ի՞նչ է, արդյո՞ք մենք հիմա քրիստոնյա Հայաստանում չենք ապրում: Այո՛, հայերս աշխարհում պետականորեն Քրիստոնեություն ընդունած առաջին ազգն ենք, բայց, ցավոք սրտի, Հայաստանն ամբողջությամբ քրիստոնյա չէ: Ավելին, ո՞նց կարող է Հայաստանն ամբողջությամբ քրիստոնյա լինել, երբ Հայաստանում ժամ առ ժամ ավելանում են աղանդավորական շարժումները: Մենք բոլորս կունենանք քրիստոնյա Հայաստան այն ժամանակ, երբ յուրաքանչյուր հայ ընտանիք կունենա բացարձակ հավատ առ Աստված, առ Քրիստոս:

Մեծ և հզոր Հայաստանի մասին.

Ինչ վերաբերում է իմ ելույթներում հնչեցրած մեծ և հզոր Հայաստան բառակապակցությանը, կասեմ հետևյալը. այո՛, Հայաստանը պետք է լինի ոչ միայն քրիստոնյա, այլ նաև՝ մեծ և հզոր, այսինքն՝ հայկական Նախիջևան — հայկական Էրզրում — հայկական Տրապիզոն՝ մինչև Սև ծով:

Նախիջևան-Էրզրում-Տրապիզոն. ահա՛ նորանկախ Հայաստանի զարգացման և հզորացման բանալին: Այո՛, Հայաստանը և հայ ժողովուրդը, հատկապես իր զավակների և եկող սերունդների հզոր ապագան կերտելու համար, պետք է և պարտավոր են սեփական ճանապարհը բացել դեպի Սև ծով և հետո՝ օվկիանոս: Հայ ազգի հարատևման և հզորացման համար այս բանաձևը, որի պատասխանը մենք գիտենք, պետք է լինի նպատակ յուրաքանչյուրիս համար:

Քաղաքական թիմի մասին.

Իսկ այսօր «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն ունի՞ քաղաքական թիմ:

Քաղաքական թի՞մ, ահա՛, տեսեք, տասնամյակների իմ անդավաճան եղբայրներին և քույրերին, ովքեր, այսօր այս դահլիճում են, և, իհարկե, դահլիճից դուրս:

Դո՛ւք եք քաղաքական մեր թիմը:

Կեցցե՛ք դուք:

Նախքան կներկայացնեմ կուսակցության ծրագիրը՝ փոքրիկ անդրադարձ ԶԼՄ-ներին և սոցցանցերի կեղծ օգտատերերին։

Զանգվածային լրատվամիջոցների մասին.

Արդարության և ճշմարտության անձնագիր ունեցող հնարագետ խմբագիրներ, լրագրողներ, այո՛, Հայաստանում դո՛ւք եք չորրորդ իշխանությունը: Անկախ նրանից, թե Հայաստանում իրենց ինչպես են դրսևորում օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունները, դուք, իրոք, պետք է լինեք անաչառության, միայն և միայն ճշմարտության քարոզչության ու ճշմարտությունը խիզախորեն ներկայացնող առաջամարտիկները:

Դուք պետք է և պարտավոր եք ձեր ազնվության, նաև՝ համառության շնորհիվ, լինել յուրաքանչյուրիս սրտում և ուղեղում, բոլոր արատավոր և հայակործան երևույթների դեմ լինել անհանդուրժող և անողոք: Առանց լուրջ հիմնավորումների մի՛ կործանեք մարդկային ճակատագրերը, որոնցից կախված է նրանց յոթ պորտի գոյությունը: Աստծո կողմից ձեզ պարգևված լրագրողական շնորհը բացառապես օգտագործեք հայոց պետականաշինության, հատկապես՝ հայոց պետության սահմանների անսասան պաշտպանության և հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում: Մեր բուռն ծափահարություններն արժանավոր լրագրողներին:

Սոցիալական ցանցերում բնակվող անանուն, անդեմ օգտատերերի, այսպես ասած, ֆեյքերի մասին.

Ո՞վ եք դուք, սոցցանցերում թաքնված որոշ խավարասերներ, դուք ընդամենը ձեր կանանց, ամուսիններին, ծնողներին ու զավակներին դավաճանող ստրուկներ եք: Իհարկե, դուք կարող եք ինձ նմանեցնել անցյալ դարի կամ Քրիստոսից առաջ և հետո կոշտ ու դաժան առաջնորդների հետ, դուք կարող եք ձեր մեջ չընդունել իմ տեսակը, գուցե նաև՝ իմ գործունեությունը, բայց դուք չեք կարող ասել, որ, ինչպես 1992-94 թվականների, այնպես էլ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, հրամանատար Խաչիկ Ասրյանը խրամատից փախչող զինվորական է, չեք կարող ասել, որ Խաչիկ Ասրյանը, 11 տարի լինելով պետական պաշտոնյա, թալանել է պետական համակարգը, չեք կարող ասել, որ Խաչիկ Ասրյանն օլիգարխիայի ներկայացուցիչ է, որ Խաչիկ Ասրյանն իր հայրենիքի, իր ժողովրդի, իր պետության համար ոչ պիտանի, անարժան մարդ է, չեք կարող ասել, որ Խաչիկ Ասրյանը որևէ մեկին վատաբանել է կամ բանսարկությամբ է զբաղվել՝ ի տարբերություն ձեզ: Ոչ մեկդ ձեզ բարոյական իրավունք չեք վերապահի խոսելու վերոնշյալի մասին: Գիտե՞ք ինչու, որովհետև ձեզանից յուրաքանչյուրն ամեն ինչ կտա, որ անցնի այն ճանապարհի թեկուզ մեկ տասներորդը, որով անցել է Խաչիկ Ասրյանը: Վե՛րջ տվեք ձեր մորթապաշտությանը, տգիտությանն ու խառնակչությանը և հրապարակավ միացեք հայ ազգի և հայոց պետության անվտանգության ապահովման զոհասեղանին իր կյանքը դրած «Հայոց Արծիվներին», որպեսզի գոնե, եթե ընտանիք ունեք, երբևէ կարողանաք ձեր ընտանիքի անդամների աչքերի մեջ հպարտությամբ նայել:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում Խաչիկ Ասրյանի ելույթի կանոնադրությանը և ծրագրային հատվածը կներկայացնենք առաջիկայում