Մ. Գրիգորյանը չի դժգոհել պահման պայմաններից, կնոջ ու որդու մասին տեղյակ է, իսկ նրան կալանքից ազատելու միջնորդություն շուտով կներկայացվի. պաշտպան

Մ. Գրիգորյանը չի դժգոհել պահման պայմաններից, կնոջ ու որդու մասին տեղյակ է, իսկ նրան կալանքից ազատելու միջնորդություն շուտով կներկայացվի. պաշտպան

ԱԺ պատգամավոր, երկամսյա կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի պաշտպաններից մեկն առաջիկայում դատարան միջնորդություն կներկայացնի նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Այս մասին Lratvutyun.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:

Դիտարկմանը, թե նախկինում ասել էր, որ կալանքը փոխելու միջնորդություն կներկայացնեն, եթե ստանան Մանվել Գրիգորյանի համաձայնությունը, փաստաբանն ասաց. «Երեկ եմ տեսակցել Մանվել Գրիգորյանին, և նա կալանքից ազատվելու միջնորդության վերաբերյալ ասաց՝ իրավական հարթության մեջ որը ճիշտ եք համարում, այդպես էլ արեք: Եվ քանի որ Մանվել Գրիգորյանն ուզում է, որ պարզվի ճշմարտությունը, ապա մենք առաջիկայում կներկայացնեն խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություն: Այստեղ նաև մարդու կյանքի հարցն է»:

Պաշտպանն ասաց, որ բոլորը տեղյակ են, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի պայմանների հետ:

Հարցերին, թե Մանվել Գրիգորյանը տեղյա՞կ է, որ իր որդուն մեղադրանք է առաջադրվել, իսկ կինը կասկածյալի կարգավիճակ ունի, և ի՞նչ տեսակետ է հայտնել այդ առնչությամբ, փաստաբանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը տեղյակ է, սակայն նրա դիրքորոշումը հրապարակման ենթակա չէ:

Այն, որ տարբեր հրապարակումներ կան Մանվել Գրիգորյանի պահման պայմանների հետ, ի վերջո, ի՞նչ պայմաններում է նա պահվում, փաստաբանն ասաց. «Նման հրապարակումները հերյուրանք են: Մանվել Գրիգորյանը նորմալ պայմաններում է պահվում, այսինքն՝ այնպիսի պայմաններում, որ կան պահման վայրում: Մանվել Գրիգորյանը որևէ դժգոհություն չի հայտնել պահման պայմանների վերաբերյալ, հակառակը՝ հայտնել է, որ իրեն շատ նորմալ են վերաբերվում»:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ բացահայտումներից հետո դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այնուհետև գործն ուղարկվել էր ՀՔԾ և քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: